Խմբագիրը՝ կուշտ, հոդվածագիրը՝ երջանիկ
ПолитикаՈվ քիչ թե շատ ծանոթ է լրատվական կայքերի գործունեությանը՝ շատ լավ գիտի, որ, այսպես կոչված, կիքսերը այդ գործունեության անբաժանելի մասն են: Հատկապես հայաստանյան իրականության մեջ, երբ լրատվական կայքերի մեծամասնությունը պարզապես տիրաժավորում են միմյանց նյութերը, այդ կիքսերը հաճախակի բնույթ են կրում, որովհետև լրահոսի պատասխանատուները շատ դեպքերում պարզապես ակտիվ լենտա ունենալու խնդիր են լուծում՝ առանց բովանդակությունը ընթերցելու քոփի - փեսթ անելու միջոցով:
Հայտնի՞ է սա լրատվական միջոցների աշխատակիցներին. անշուշտ, բոլորի հետ եղե՞լ է այսպիսի բաներ՝ կարելի է պնդել՝ միանշանակ: Կայքը, որը տեղադրել է Արարատ Միրզոյանին դատափետող հոդված և առագ հեռացրել, արդեն բացատրել է այդ քայլը աշխատակցի անփութությամբ, ի վերջո, եթե այդ հոդվածը դրված էր ղեկավարության հրահանգով, ապա ինչու՞ հաշված վայրկյաններ անց պետք է հեռացվեր կայքից, եթե նպատակ է եղել ցավացնելու Արարատ Միրզոյանին՝ իմաստը ո՞րն է նյութը տեղադրել մի քանի վայրկյանով:
Վստահ եղեք, այս դեպքից դավադրության տեսություններ երկնողները շատ լավ գիտեն իմ վերը շարադրած ամեն մի տառը, ուստի ո՞րն է այս աղմուկի պատճառը: Իհարկե, հիշում ենք հայտնի բանալի բառը՝ Ալեն Սիմոնյան: Հենց այստեղ փնտրեք դավադրությունների սիրահարների ակտիվության պատճառը, որովհետև Սիմոնյանի անձը վերջին շրջանի հայ բանահյուսության առանցքն է, միսն ու արյունը:
Փորձեք յուրաքանչյուր հոդվածի վերնագրի սկզբնամասում գրել՝ Ալեն Սիմոնյան: Քլիքաբեր, բեղուն գործողություն արած կլինեք: Համ խմբագիրը կուշտ կմնա, համ հոդվածագիրը՝ երջանիկ:
Վասիլ Հարությունյան