Կապիտուլյանտ իշխանություն ունենալը, կամ նրանց ենթարկվող Արցախի նախագահ ունենալը դեռ չի նշանակում, որ ինչ կամենաք, այնպես էլ անեք. Արտակ Զաքարյան
ПолитикаԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Այստեղ են ասել, ձեր նոր սկսվող բարեկամությունը դառը ճշմարտությամբ կտրեմ. կապիտուլյանտնե´ր, բա՞ն չունեք ասելու: Թե՞ ձեր կռիվը միայն «նախկինների» հետ է: Տեսնում եք չէ՞ ուր եք հասել, ինչ ողորմելի քաղաքականություն եք վարել, ու ինչպիսի հանգրվանի եք բերել Արցախին ու Հայաստանին: Արդեն Արցախի նախագահի ինստիտուտի նկատմամբ է ոտձգություն արվում:
Ադրբեջանի դատախազությունը հոխորտացել է, թե պատրաստվում է ձերբակալել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:
Սեփական երկիրն ու ժողովրդին ագրեսիայից պաշտպանելու անհաջող փորձերի համար, ադրբեջանցին հետախուզում է հայտարարում: Սա նշանակում է, որ վաղը ձերբակալման ցանկություն է առաջանալու բոլոր հայ գեներալների, զորամիավորումների հրամանատարների, ինքնապաշտպանություն կազմակերպողների հանդեպ:
Կապիտուլյանտնե՜ր, դու´ք եք մեղավոր, որ այս օրի ենք հասել, որ ադրբեջանցիների լեզուն այսքան երկարել է, որ առ այսօր նրանց վայրագությունների նկատմամբ ոչ մի միջազգային դատապարտման գործընթաց չեք նախաձեռնել:
Մեր դատախազությունը չի՞ ցանկանում արդյոք, նման մի հետախուզում հայտարարել ու ձերբակալման հարց դնել 44 օրյա պատերազմի ընթացքում, հայկական խաղաղ բնակավայրերը ռմբակոծող ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ:
Ադրբեջանցիներին պետք է ասել` ղալաթ եք անում: Կապիտուլյանտ իշխանություն ունենալը, կամ նրանց ենթարկվող Արցախի նախագահ ունենալը դեռ չի նշանակում, որ ինչ կամենաք, այնպես էլ անեք:
Հայ ժողովուրդը դեռ չի մեռել: