Իշխանությունները օգնում են նախկին վարչապետերի խորհրդականին «զավթել» Սյունիքի հանքերը
ПолитикаՆախկին վարչապետեր Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի խորհրդական Համլետ Հովսեփյանի ընտանիքը շարունակում է զավթել Սյունիքի հանքերն արդեն նոր իշխանությունների օրոք:
Հիշեցնենք, որ վարչապետի նախկին խորհրդականի և որդու մասնակցությամբ «ԱՏ մետալս» ՍՊԸ-ն 2014-ին ստացել է Մեղրասարի ոսկու հանքավայրի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք: Այն վավեր է մինչև 2022 թվականը: Ըստ ամենայնի, Հովսեփյանների ընտանիքը որոշել է ընդլայնել տարածքը և սկսել ուսումնասիրել պոտենցիալ ունեցող տարածքները: «ԱՏ պլյուս»-ը նաև Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու հանքավայրի թևերում համալիր երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտ էր ներկայացրել:
Այս հանքավայրի վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել. գլխավոր դատախազությունը հայտնել էր՝ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից ստացված տվյալներով պարզվել էր, որ նշված 133,6 հա մակերեսով հողատարածքի 33,0002 հա հատվածը համադրվում է «Արևիկ» ազգային պարկ ՊՈԱԿ-ին տրամադրված տարածքի հետ և ընդգրկված էր հատուկ պահպանվող տարածքների հողերի կազմում։ Սակայն քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, ինչից հետո Հովսեփյանի ընտանիքը էլ ավելի մեծ թափով է անցել Սյունիքի հանքերի իրացմանը:
Այս հարցում ավելի քան ակնհայտ է հեղափոխական իշխանությունների աջակցությունը: Մի շարք ընդերքաօգտագործողների խախտումներից հետո հարուցված քրեական գործերի ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ հարցը պետք է պահել ուշադրության կենտրոնում: Սակայն, Հովսեփյանի ընտանիքին դա, կարծես, չի առչնվում: Սյունիքում որևէ հարց չի կարող լուծվել առանց ՔՊ-ական մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի դաբռոյի: Ստացվում է՝ կամ Պողոսյանը աչք է փակել Նիկոլ Փաշինյանի խիստ ցուցումների վրա՝ հանուն նախկին վարչապետերի խորհրդականի բիզնեսի, կամ վերջինիս նկրտումներին դեմ չեն նաև վերևներում, չնայած՝ հրապարակավ այլ բան են հայտարարում: Ամեն դեպքում, սա ևս մեկ վառ օրինակ է, թե ինչպես են մերժված նախկինները հաջող համագործակցում հեղափոխական իշխանության ներկայացուցիչների հետ: Ինչպես ասում են՝ բիզնես է, ոչ մի անձնական բան...