«Դալմա Գադեն Մոլ»-ի մոտ վնասազերծվել է ծանր հանցանք կատարելու մեջ հետախուզվող անձ, որը զինված է եղել
ОбществоՔիչ առաջ Երևանում՝ «Դալմա Գադեն Մոլ»-ի մոտ ոստիկանները վնասազերծել են Երևանի բնակիչ, 38-ամյա Գևորգ Սուքիասյանին․ տեղեկացնում է shamshyan.com-ը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս եղել է «Մակարով» տեսակի ատրճանակով զինված և նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և նա գտնվում էր հետախուզման մեջ:
Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ նրան տեղափոխելու են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ, քանի որ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կա որոշում՝ կալանքի վերցնելու համար։
Նշված քրգործը հարուցվել էր դեկտեմբերի 11-ին Երևանում ինքնաձիգի օգտագործմամբ տեղի ունեցած խուլիգանական գործողությունների փաստով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի և Արաբկիրի քննչական բաժնի քննիչների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել էր, որ նույն օրը, ժամը 16։15-ի սահմաններում Արաբկիրի 29 փողոցի 2-րդ շենքի հարակից հատվածի մոտ Երևանի բնակիչ՝ 22-ամյա Գագիկ Սմբատյանը, նրա եղբայրը՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Արամ Սմբատյանը վիճաբանություն են ունեցել Երևանի բնակիչներ՝ 38-ամյա Գևորգ Սուքիասյանի, 42-ամյա Լևոնիկ Սարգսյանի հետ, որը այնուհետև ավարտվել է, սակայն հետո Գ. Սուքիասյանը իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով կրակել է Գ. Սմբատյանի հոր՝ Արայիկ Սմբատյանի կողմից շահագործվող Maybach մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։
Դրանից հետո Վ. Դավթյան փողոցի 47/2 հասցեում գտնվող խանութի մոտ Գ. Սուքիասյանը կրկին անգամ ինքնաձիգից կրակոցներ էր արձակել օդ, ապա BMW մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Գ. և Ա. Սմբատյանները հայտնաբերվել ու հրավիրվել էին ոստիկանության Արաբկիրի բաժին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ միջոցառումներ՝ Գ. Սուքիասյանին, Լ. Սարգսյանին և հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել էր ավտոմեքենայի լվացման հարցի շուրջ, կրակոցների վայրում էլ հայտնաբերված տեսախցիկն արձանագրել է այն պահը, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև BMW-ի մակնիշի այն ավտոմեքենայի համարանիշները, որով Գ. Սուքիասյանը կրակելուց հետո դիմել էր փախուստի։
Ավտոմեքենայի վրա է հայտնաբերվել էր կրակոցներից առաջացած 12 հետք։