Ի՞նչ է ներկայացվել Բելառուսի դեսպանին ՀՀ ԱԳՆ-ում. Միրզոյանը մանրամասնում է
ПолитикаՀայաստանի համոզմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձևակերպումները ուղղված են եղել սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Վաղարշակ Հակոբյանի հարցին:
Նա հիշեցրեց խնդրո առարկայի վերաբերյալ ԱԳՆ տարածած հայտարարությունը: «Ուզում եմ կրկին հաստատել՝ Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները, մեկնաբանություններն առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը, քննարկման առարկա են դառնում տարբեր երկրներում՝ այդ թվում մեր երկրում: Մեր խորին համոզմամբ՝ այդ ձևակերպումները ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը: Վստահ կարող եք լինել, որ այն ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ այն որևէ առնչություն չունի»,-ասաց Միրզոյանը:
Նա հաստատեց նաև այն տեղեկությունը, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպանն իսկապես հրավիրվել է ԱԳ նախարարություն: «Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքներն այն մասին, որ մեր հայտարարությունները միմյանց մասին պետք է հաշվի առնեն և հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնենք միմյանց շահերը, միմյանց սուվերենությունը, ինչու չէ՝ նաև այն իրավապայմանագրային և մյուս դաշտը, որոնց հիման վրա մեր երկրների միջև կա համագործակցությունը: Այնուամենայնիվ, մենք հետայսու ևս համապատասխան, պաշտոնական հայտագրերի դեպքում պատրաստ ենք հնարավորինս աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթակներում»,-ասաց ԱԳ նախարարը:
Միրզոյանը շեշտեց՝ երկու երկրներն ունեն բավականին հարուստ իրավապայմանագրային բազա, և համագործակցությունն այդ բազայի հիման վրա է ընթանում: Միրզոյանն ընդգծեց նաև, որ այդ հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության վրա: «Կարծում եմ՝ լավ կլինի, որ հետայսու նաև բարձրագույն մակարդակով հնչող հայտարարությունները համապատասխանեն նշածս իրավապայմանագրային և բարեկամական ոգու գնահատականներին և այդ մթնոլորտին»,-ասաց Միրզոյանը: