Փետրվարի մեկից նախագահի պարտականությունները կկատարի Ալեն Սիմոնյանը
ПолитикаՆախագահ Արմեն Սարգսյանը դեռևս իր հրաժարականի դիմումը հետ չի վերցրել:
Եթե առաջիկա մեկ օրվա ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը հետ չվերցնի, նրա լիազորությունները կդադարեն։
«Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը.
«Վաղը դիմումը հետ վերցնելու վերջնաժամկետն է, բայց ամեն դեպքում կսպասենք մինչև երեքշաբթի՝ 09.00-ը, դրանից հետո նախագահի պարտականություններն ավտոմատ կանցնեն Ալեն Սիմոնյանին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նախագահը հրաժարական էր տվել հունվարի 23-ին: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր է առաջադրել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ընդդիմությունը դեռս թեկնածու չի առաջադրել: