Հովիկ Աղազարյանը՝ Եռաբլուրում Լուսինե Բադալյանի պահվածքի մասին
ОбществоՀամացանցում տեսանյութ է տարածվել ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի մասնակցությամբ, որտեղ երևում է, թե վերջինս ինչ բարձր տրամադրությամբ է Եռաբլուրում։ Այս հանգամանքը քննարկումների և քննադատությունների ալիք է բարձրացրել համացանցում, օգտատերերը պահանջում են, որպեսզի նա վայր դնի պատգամավորական մանդատը։ ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Լուսինե Բադալյանից, սակայն մեր բազմաթիվ զանգերն ու նամակներն անպատասխան մնացին։
Մեզ հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց կնախընտրեր չանդրադառնալ գործընկերոջ պահվածքին, սակայն ամեն դեպքում նշեց․ «Խոսքը վերաբերում է իմ գործընկերոջը, եթե դեմ չեք չմեկնաբանեմ որևէ բան։ Ճիշտ է ես տեսել եմ տեսանյութը, բայց քանի որ մանրամասներին ծանոթ չեմ, չեմ կարող մեկնաբանել, բավականին նուրբ հարց է»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Հարցին՝ հնարավո՞ր է Լուսինե Բադալյանից պահանջեն վայր դնել պատգամավորական մանդատը, ապա Աղազարյանը պատասխանեց․ «Ես չեմ իրեն մանդատ տվել, որ պահանջեմ վայր դնի։ Եթե հանրային պահանջ լինի իմ գործընկերները դրան պատասխան կտան, բայց ես չեմ կարող էդպիսի բան անել»,- ասաց Աղազարյանը։
Եթե ընդդիմադիր ներկայացուցիչը նման պահվածք դրսևորեր Եռաբլուրում ի՞նչ գնահատական կտար՝ հարցին Աղազարյանը խուսափեց պատասխան տալ․ «Էստեղ գնահատական տալու բան չկա, իհարկե իրավիճակն այդքան էլ պարզ չէ»,- նշեց նա։
Դիտարկմանը՝ այսինքն նորմա՞լ է համարում նման պահվածքը․ «Իհարկե, չէ»,- ասաց պատգամավորը։