Ինչպես կանխատեսում էի՝ շաբաթ և կիրակի օրերին բոլորի շրջանառությունը կեսից ավելի պակասել է. Աշոտ Բարսեղյան
ОбществоԱռողջապահության նախարարի հրամանով հունվարի 22-ից Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը թույլատրվում է միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման հավաստագրով։
Այս պահանջը չի վերաբերում մինչև 18 տարեկաններին, հղիներին, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին՝ համապատասխան սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։
Արդեն մի քանի օր է, ինչ տնտեսվարողը ստուգում է այցելուների համապատասխան փաստաթղթերի առկայությունը՝ կա՛մ QR կոդի սքանավորմամբ, կամ փաստաթղթին ծանոթանալով, իսկ տնտեսվարողներին վերահսկում են տեսչական մարմինները: Կանոնները չպահպանող տնտեսվարողները առաջին անգամ կտուգանվեն 100-300 հազար դրամով, կրկնվելու դեպքում՝ մինչև 500.000 դրամով։
Քանի որ «Ռեստորանների ասոցիացիա» հ/կ նախագահ Աշոտ Բարսեղյանը մինչ հրամանի ուժի մեջ մտնելը հայտարարել էր, որ անօրինական է համարում այն, 168.am-ը փորձեց տեղեկանալ, թե ինչպե՞ս է հ/կ-ն հակազդում արդեն գործող հրամանի պահանջներին:
Ի պատասխան՝ Աշոտ Բարսեղյանը մանրամասնեց. «Բազում ռեստորաններ չեն ստուգում, բազում ռեստորաններ էլ, սակայն, վախեցել են: Ես իրավաբանների հետ իրազեկման աշխատանքներ եմ տանում՝ պարզաբանելու մարդկանց, որ ոչ ոք տուգանք չի վճարելու, որովհետև նախարարի հրամանը իրավական հիմքեր չունի:
Ռեստորանները նույնիսկ այս հրամանով իրավունք և պարտավորություն չունեն ստուգելու մարդկանց ինքնությունը, անձնական տվյալները. ոչ մեկն իրավունք չունի սքանավորելու այլ անձի անձնական տվյալները»:
Ըստ նրա՝ ոչ միայն անտրամաբանական է որոշումը, քանի որ մարդիկ առանց QR կոդերի օգտվում են հասարակական տրանսպորտից և մասնակցում բազմամարդ արարողությունների, այլև անօրինական է նախատեսվող տուգանքը, քանի որ առնչվում է սանիտարական նորմերին, և ոչ թե՝ կարանտինի մասին օրենքին, իսկ սանիտարական նորմերի խախտումների համար իրավունք չունեն տուգանելու:
«ՍԱՊԾ աշխատակիցներին կոչ եմ անում՝ ապօրինի, գողտու չայցելել ռեստորաններ: Ռեստորան մտնելուց ներկայանալ, այլ ոչ թե հաճախորդի տեսքով նստել և հետո ասել՝ չստուգեցիք. հարկայինի «հին ու բարի» ավանդույթը չի գործելու: Բոլորին և անգամ ՍԱՊԾ պետին զգուշացրել եմ, որ չի կարելի իրականացնել գաղտնի այցելություններ:
Քաղաքացիներին ևս չեն կարող տուգանել, որովհետև օրինական չի լինի այդ տուգանքը, և «Իրավական ուղի» հ/կ-ն էլ ստանձնել է պարտավորություն՝ բոլոր տուգանվածներին անհատույց ներկայացնել դատարանում և բողոքարկել տուգանքները:
Մենք հիմա պատրաստում ենք «Չենք ստուգում QR կոդ» շարժումը, որին, իմ կարծիքով, կմիանան բոլորը, որովհետև, ինչպես կանխատեսում էի, շաբաթ և կիրակի օրերին բոլորի շրջանառությունը կեսից ավելի պակասել է»,- նշեց «Ռեստորանների ասոցիացիա» հ/կ նախագահը:
«Այնպիսի բաներ է խոսում գործադիրի ղեկավարը, որ պարզ է դառնում՝ իրեն խորհուրդ տվողները տոտալ անգրագետներ են, կամ մանիպուլյատորներ,- հավելեց Աշոտ Բարսեղյանը՝վստահեցնելով, որ հերթական լոքդաունի դեպքում կհասունանա սոցիալական պայքար,- Որ հանկարծ գնացին լոքդաունի, փողոցում սովածները կլարեն էդ շենքից բոլորին՝ Առողջապահության նախարարի հետ մեկտեղ»: