Արատավոր երևույթների ու մեխանիզմների վերադարձը. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանյան խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը հանդիսանում է նաև խոշորագույն հարկատու (ՊԵԿ-ի՝ երեկ հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինն է), և որի շուրջ զարգացումները վերջին շրջանում ուշագրավ երանգներ են ստանում, որդեգրել է կադրային քաղաքականության «օրիգինալ» մեթոդաբանություն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, կոտրելով տասնյակ տարիներով ընկերությունում հիմնավորված գերմանական ավանդույթները՝ սույն ընկերության նոր տնօրեն Ռոման Խուդոլին մարդկանց աշխատանքի է ընդունում ոչ թե պրոֆեսիոնալ հատկանիշներից ելնելով, այլ հստակ պայմաններով ու ակնկալիքներով, այդ թվում՝ քաղաքական ու ֆինանսական: Իսկ հայաստանյան աշխատաշուկայում տիրող իրավիճակը, առավել ևս՝ Սյունիքի մարզում օր օրի ահագնացող վտանգների ֆոնին, մարդկանց այլընտրանք չի թողնում, քան համաձայնել առաջ քաշված պայմաններին, թեպետ քիչ չեն նաև նրանք, որոնք հրաժարվում են:
Մեր աղբյուրները նշում են, որ սույն անձը նույն մեթոդներով տարիներ շարունակ առաջնորդվել է Ագարակում և Սոթքում, այժմ էլ այս և այլ արատավոր մեխանիզմները, որոնք արմատախիլ էին արվել հետխորհրդային ԶՊՄԿ-ում, և փոխարենը ներդրվել էին գերմանական ավանդույթներ, ներմուծում է ԶՊՄԿ: Նշյալ արատավոր մեխանիզմների «վերակենդանացման» մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ ԶՊՄԿ մի շարք ապրանքների մատակարարման մենաշնորհը տրվել է Նիկոլ Փաշինյանի «սրտի» օլիգարխներից մեկին։
Տեղում խոսում են, որ առաջիկայում այդ օլիգարխը կարող է չբավարարվել եղածով ու իր ձեռքը վերցնել ընդհուպ մինչև վերջին կարկանդակի մատակարարման մենաշնորհը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում