Նախկինների «ավանդույթը» սրբորեն շարունակվում է
ПолитикаՕրեր առաջ հայտնի դարձավ, որ Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը դատապարտվել է ազատազրկման։ Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն շուրջ երկու տարի է, ինչ գտնվում է կոմայի մեջ։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։ Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի, որոնցից միայն մեկի վերաբերյալ դրվագն է անջատվել և ուղարկվել դատարան, որը գտնվում էր դատավոր Հարություն Պետրոսյանի վարույթում։ Ըստ էության, Տրդատ Սարգսյանը, ով այսօր պատգամավոր է, իր անունը վերջնականապես մաքրեց տվյալ քրգործից:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կրկին հայտնվել է բավականին պիկանտ պատմության կիզակետում: Մամուլը գրել էր, որ վերջերս ԱԱԾ աշխատակիցները մտել են նախարարի ընկերուհու՝ նրա կողմից նշանակված աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանի աշխատասենյակ, ուսումնասիրել նրա համակարգիչը եւ տարել են Գրիգորյանի էլեկտրոնային նամակագրությունը: Ստուգումների առիթը եղել են էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգում կատարված գրառումները, իսկ ավելի ստույգ՝ Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Ծաղիկ Վարդանյանի գրառումը: Ծ. Վարդանյանը, ըստ իրավապահներին մոտ մեր աղբյուրի, «Mulberry» համակարգում գրառում է արել, որտեղ նշել է, որ ինքը չի մասնակցել պետպատվերի բաշխմանը՝ «Բժշկական օգնություն-սպասարկում» հոդվածներով: նշենք, որ «Հրապարակ» կայքը հարցում էր ուղարկել ԱԱԾ պետին` փորձելով ճշտել՝ արդյո՞ք ստուգումների վերաբերյալ այս տեղեկությունն ամբողջությամբ կամ մասամբ համապատասխանում է իրականությանը եւ ի՞նչ չափով։ ԱԱԾ կողմից ո՛չ հերքվում են, ո՛չ հաստատվում տվյալ տեղեկությունները, ոչ էլ դրանց առհասարակ անդրադառնում են։ Ինչպես երևում է, անգամ եթե քրեական գործ հարուցվի՝ Անահիտ Ավանեսյանը հաջողացնելու է ջրից չոր դուրս գալ, փոխարենը տուժելու է վերջինիս ընկերուհին: Եվ խոսքը այստեղ ոչ այնքան քրեական պատժի մասին է, որքան բարոյական, դիցուք՝ աշխատանքից պաշտոնյային ազատելու: Սակայն, սա էլ Նոր Հայաստանում հրաշքի պես մի բան է դիտվում, երբ պաշտոնյան թեկուզ իր ենթակաների բացթողումների համար կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից:
Նախկին իշխանությունների օրոք էլ առկա էր նման ձեռագիր, երբ խոշորները ջրից չոր էին դուրս գալիս, փոխարենը կալանավորվում էին ստորադասները: Օրինակ, գատնիք չէ, որ սոցապ ոլորտը Հայաստանում մշտապես եղել է ամենակոռումպացվածներից մեկը, սակայն նախարարները, չգիտես ինչու, միշտ այդ կոռուպցիայից անմասն ու անտեղյակ էին: Փոխարենը կալանավորվում էր դիցուք՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: 2014-ին ձերբակալվել էր ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Արմեն Լաբլաջյանը: Իսկ ահա բնապահպանության նախարար Բուլկի Արամին՝ Արամ Հարությունյանին երբեք որևէ մեղադրանք չէր ներկայացվել:
Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ն սրբորեն շարունակում է նախկին իշխանությունների ժամանակ ձևավորված «ավանդույթը»...: