ՍԴ-ի այս որոշմամբ վտանգվել է իրավական որոշակիության սկզբունքը. Ռոբերտ Հայրապետյան
ПолитикаՌոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՍԴ-ն հրապարակեց աշխատողների շրջանում պարտադիր թեստավորման պահանջ սահմանող ՀՀ առողջապահության նախարարի 04.08.2020թ.-ի թիվ 17-Ն և 18.09.2020թ.-ի թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ ԱՆ 20.08.2021թ.-ի թիվ 65-Ն հրամանի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴՈ-1621 որոշումը:
Ըստ որոշման առողջապահության նախարարի թիվ 65-Ն հրամանի մի շարք դրույթներում տեղ գտած՝ «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:» նախադասության «իր հաշվին:» բառակապակցությունը հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին:
Ի սկզբանե նշեմ, որ ՍԴ այս որոշմամբ վտանգվել է իրավական որոշակիության սկզբունքը,
Անդրադարձ է կատարվել սեփականության իրավունքի միջամտությանը, բայց զլացել են դրան տալ հստակ իրավական գնահատականներ, այնինչ` պարտավոր են,
Որոշումը ընթերցելիս տպավորություն է, որ վերջին պահին որոշ պարբերություններ հանվել են որոշումից` խախտելով որոշման բովանդակության տրամաբանական կապը դիրքորոշումների միջև,
Զուտ արձանագրենք, որ կիսավախվորած լուծման արդյունքում հակասահմանադրական բառակապակցության հանումը մեկ այլ իրավական ապսուրդ է առաջացրել:Ի վերջո ինչ է նշանակում ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողը, եթե այդպիսի հետազոտություն իրականացնելու իրավունք ունեն հատուկ լիցենզավորված կազմակերպությունները:
ՍԴ տրամաբանությամբ ստացվում է, որ առողջապահության նախարարն իրավասու էր ենթաօրենսդրական իրավական ակտի մակարդակով աշխատողներին իրենց կամքին հակառակ բժշկական միջամտության ենթարկվելու պահանջ սահմանել` թքած ունենալով նման պահանջ սահմանելու՝ օրենքներով սահմանված ընթացակարգերի արգելքների վրա, եթե նախարարի հրամանը դիտարկում ենք որպես նյութական օրենք, և մարդու ֆիզիկական անձեռնմխելիության հիմնական իրավունքի վրա, եթե համարում ենք, որ սահմանադիրը Սահմանադրության 39-րդ հոդվածում նկատի է ունեցել միայն ձևական օրենքները, թեև քննարկվող դեպքում սահմանադիրը նկատի է ունեցել միայն ձևական օրենքները: Սրանով ՍԴ-ն վտանգավոր հող է նախապատրաստում առողջապահության և ոչ միայն նախարարի համար օրերից մի օր մեկ այլ պարտականություն սահմանելու:
Ըստ ՍԴ-ի ՊՇՌ հետազոտությունը ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՇՎԻՆ իրականացնելու պահանջը հակասում է Սահմանադրության 39-րդ հոդվածին, որի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով՝ նկատի ունենալով, որ ՊՇՌ հետազոտությունն աշխատողին հաշվին անցնելու պահանջը սահմանված է ոչ թե ձևական, այլ նյութական օրենքով:
Երկրորդ ապսուրդը.
ՊՇՌ հետազոտությունն աշխատողի հաշվին իրականացնելու պահանջի մասով նախարարի հրամանը հակասում է Սահմանադրության 39-րդ հոդվածին, քանի որ այդ պահանջը սահմանված չէ ձևական օրենքով, իսկ ՊՇՌ հետազոտություն անցնելու բուն պահանջը, որը չի իրականացվում աշխատողի հաշվին, սահմանադրական է, թեկուզև սահմանված չէ ձևական օրենքով:
Ինձ համար գոնե անհասկանալի է այսպիսի անհեթեթ տարբերակումը, կամ միգուցե ՍԴ-ն այդպես էլ չի կարողացել կողմնորոշվել, թե Սահմանադրության 39-րդ հոդվածում սահմանադիրը ձևական, թե նյութական օրենքն է նկատի ունեցել, թե կողմնորոշվել է, բայց հանրային շահին ոչ ձեռնտու պատճառներով մի դեպքում նույն հրամանը դիտարկել է որպես ոչ ձևական օրենք, իսկ մեկ այլ դեպքում՝ հակառակը, որով կարող էր սահմանափակվել անձի ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը՝ արտահայտված բժշկական միջամտությամբ:
Առողջապահության նախարարի թիվ 65-Ն հրամանի համապատասխան դրույթներում տեղ գտած «իր հաշվին» բառակապակցությունը Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին հակասող ճանաչելիս ՍԴ-ն չի պազաբանել է, թե ում հաշվին պետք է կատարվի հետազոտությունը, նշելով, որ պետությունն ըստ հայեցողության կարող է այդ բեռը վերցնել իր վրա:
Արձանագրելով, որ այս որոշումն ընդունելիս ՍԴ-ն որոշել է համ կույս մնալ, համ բարձր դատարանին վայել հաճույք ստանալ, այնուամենայնիվ պետք է նշել, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի և 27.12.2001թ.-ի 1286 որոշուման դրույթների հաշվառմամբ ՊՇՌ հետազոտության ծախսերը պետք է դրվեն պետության վրա: