Փաշինյանն անդրադարձել է Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի հնարավոր կառուցման մասին հարցին
ОбществоՀայաստանն Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացների համատեքստում դիտարկում է բոլոր հնարավոր սցենարները։ Այս մասին դեկտեմբերի 24-ին կայացած ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Տավուշի մարզում Կիրանց-Ոսկեպար ուղղությամբ այլընտրանքային ճանապարհի հնարավոր կառուցման մասին հարցին։
«Մենք հիմա խոսում ենք այն մասին, որ պետք է սահմանների դեմարկացիա ու դելիմիտիացիա լինի, և գիտեք, որ առկա է քննարկում այն մասին, թե որ թվականի քարտեզներով դա պետք է տեղի ունենա։ Մենք հիմա բոլոր քարտեզները մանրամասն ուսումնասիրում ենք, տեսնում ենք, թե տարբեր տարբերակներով որտեղ են մեր ունեցած ճանապարհները որոշակի դուրս գալիս Հայաստանի տարածքից։ Մենք նայում ենք սցենարներ, որ եթե, օրինակ, այսպես ընթանան պրոցեսները, ինչ խնդիր պիտի ունենանք, ինչպես հաղթահարենք այն և այլն։ Ասեմ, որ 75 թվականի քարտեզներով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, Վազաշեն գյուղի հողատարածքների մի շատ մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է 90 ական թվականներից։ Պառավաքարի վարելահողերի մեծամասնությունը Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Այսինքն՝ մենք նայում ենք տարբեր սցենարներ։ Մենք պետք է իրավիճակի նրբությունների մեջ խորանանք, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի այդ փոքր հատվածի հետ խնդիր կա»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ հիմա ուսումնասիրում ու դուրս են բերում ամբողջ իրավական հիմքերը։