ՍԴ որոշումը օրինաչափ է, իսկ ԱՆ հարամանը՝ բացահայտ հակասահմանադրական
ПравоՍահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին: Սակայն, ըստ ԱՆ իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանի՝ ՍԴ որոշումը նախարարության հաղթանակն է և, դրանով, ՊՇՌ թեստ հանձնելու որոշումը համարվել է սահմանադրական:
Այնինչ, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը նշեց, որ ՍԴ որոշումը օրինաչափ է, իսկ Առողջապահության նախարարի հրամանը՝ բացահայտ հակասահմանադրական․ «Սահմանադրական դատարանը այլընտրանք չուներ, բացի այն հակասահմանադրական ճանաչելուց։ Հիմքը այն է, որ մարդու իրավունքների սահմանափակումները կարող են լինել միմիայն օրենքով։ Առողջապահության նախարարի որոշումը աղաղակող հակասահմանադրական որոշում էր, որը ենթադրում էր մարդու իրավունքների սահմանափակում, սակայն կարծում եմ՝ Առողջապահության նախարարը սխալվելու և անգրագետ որոշում կայացնելու իրավունք ուղղակի չուներ, քանի որ ստացել է իրավաբանի կրթություն»,- ասաց սահմանադրագետը։
Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ՍԴ-ի որոշմամբ ո´չ պետությունը, ո´չ գործատուն, ո´չ որևիցե այլ անձ ուղղակիորեն չեն պարտավորեցվել վճարելու աշխատողի ՊՇՌ հետազոտության թեստի գումարը: Սակայն, Այվազյանը գտնում է՝ համաճարակների ժամանակ որևէ բան անելու համար պարտադիր պայմանը դնելիս նախ պետությունն է պարտավորվում ապահովել դրա իրականացումը․ «Եթե պետությունը առողջապահական տվյալ միջոցառումը համարում է պարտադիր, ապա դրա իրականացումը պետք է ապահովի իր հաշվին, ոչ թե թողնի քաղաքացիների հույսին։ Հակառակ դեպքում ստացվում է՝ պետությունը մեզ վրա վաճառում է մեր առողջության պահպանման իրավունքը։ Նույնը տեղի ունեցավ նաև դիմակների պարտադիր կրելու պահանջի ժամանակ, երբ դիմակները իրական արժեքից մի քանի անգամ թանկ էին, իսկ այն չկրելու դեպքում սպասվում էր 10 հազար դրամ տուգանք՝ հարվածելով քաղաքացիների գրպանին»,- նշեց Վարդան Այվազյանը։
Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշում, ըստ որի՝ ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը՝ ըստ որի չպատվաստված աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ հետազոտություն՝ իրենց հաշվին։ Այս առնչությամբ նախարարությունը պարզաբանել էր․ «Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում»։ Պարզաբանմամբ հանդես եկավ նաև ՀՀ կառավարությունը՝ նշելով, որ ՍԴ որոշումը ամենևին չի վերացնում աշխատողների՝ ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը և չպատվաստված աշխատողները պարտավոր են պատվաստվել։