Ինչո՞ւ է հենց Ռուբեն Ռուբինյանը նշանակվել Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ․ ԱԽ քարտուղարի պարզաբանումը
ПолитикаՌուբեն Ռուբինյանն ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն է ղեկավարել, մասնագիտացում ունի այդ ոլորտում, կա նաեւ այլ գործոն, որը նրան արդյունավետ բանակցող է դարձնում՝ դա վարչապետի եւ թիմի հետ նրա ունեցած կապն է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է որոշվել հենց Ռուբինյանին նշանակել Թուրքիայի հետ սպասվող բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ։
Հարցին՝ արդյո՞ք ճիշտ չէր լինի, որ շեշտը դրվեր ոչ թե նշանակվող բանագնացի քաղաքական եւ թիմային կապերի, այլ դիվանագիտական հարուստ կենսագրություն ունենալու վրա, Գրիգորյանը նկատեց․
«Մենք կարծում ենք, որ իմ նշած գործոններն ավելի կարեւոր են՝ բանակցային գործընթացի ժամանակ ցանկացած հարց կարող է առաջանալ, եւ երկրի ղեկավարի հետ այն շատ արագ ճշտելու անհրաժեշտություն առաջանա։ Այդ ամենը հաշվի ենք առել, եւ ավելի արդյունավետ ենք համարել պարոն Ռուբինյանի նշանակումը։ Ժամանակակից դիվանագիտությունը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվում, եւ պետք չէ ժամանակակից գործընթացների մասին հին կաղապարներով մտածել»,- նշեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը քննարկելու համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Թուրքիան սպասվող բանակցություններում ներկայացնելու է ԱՄՆ-ում 7 տարի դեսպան աշխատած, մինչ այդ՝ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Սերդար Քըլըչը։ ՀՀ հատուկ բանագնացն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է լինելու, որը 2018թ․ իշխանության փոփոխությունից հետո մի քանի ամիս զբաղեցրել է ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնը, ապա 7-րդ գումարման խորհրդարանում ղեկավարել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։ Ռուբինյանը 2017թ․ մի քանի ամիս Թուրքիայում է գտնվել եւ, ինչպես ինքն է այս տարվա օգոստոսի 3-ին հայտարարել ԱԺ ամբիոնից, հետազոտություն է իրականացրել։