Թուրքիայում սուպերմարկետները հիմնական սննդամթերքների քվոտաներ են սահմանում
ЭкономикаԹուրքիայում մի շարք սուպերմարկետների ցանցեր քվոտաներ են սահմանել այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են ալյուրը, կարագը եւ կաթը, քանի որ գները շարունակում են աճել տնտեսական ցնցումների ֆոնին, գրում է Karar թերթը։
Ստամբուլի մթերային խանութները յուրաքանչյուր հաճախորդի համար երկու տուփ կաթի սահմանափակում են մտցրել, մինչդեռ տարբեր այլ սահմանափակումներ կկիրառվեն հիմնական սննդամթերքների համար, ինչպիսիք են կարագը եւ ալյուրը:
Այս միջոցառումներն ընդունվել են այն բանից հետո, երբ հոկտեմբերի վերջից լիրան դոլարի նկատմամբ 30 տոկոսով անկում է ապրել:
Ըստ պաշտոնական տվյալների՝ նոյեմբերին երկրում ինֆլյացիան տարեկան կտրվածքով աճել է մինչեւ 20,7 տոկոս, իսկ պարենային ապրանքների գները աճել են միջինը 27,1 տոկոսով:
Թուրքական արժույթն այս տարի կորցրել է իր արժեքի մոտ 40 տոկոսը, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է պնդել փոխառությունների գները ցածր պահելու իր անսովոր տնտեսական քաղաքականությունը:
«Կան ձեթի եւ ծխախոտի քվոտաներ»,- ասել է Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող մթերային խանութի աշխատակիցը: «Օրինակ, 5 լիտրանոց 2 տուփից ավելի ձեթ չեք կարող գնել։ Մեր նպատակն է կարողանանք ապրանքներ վաճառել յուրաքանչյուրին եւ երբեք չմերժել հաճախորդներին»։
Էրդողանը մատակարարներին է մեղադրել պարենային ինֆլյացիայի մեջ եւ հայտարարել է, որ պատրաստվում է խիստ տուգանքներ կիրառել այդ հարցում:
Թուրքիայի Սպառողների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի (TÜKODER) նախագահ Մուրադ Բալայի խոսքով՝ որոշ սուպերմարկետներ քվոտաներ են մտցնում ապագայում ապրանքներն ավելի թանկ վաճառելու համար։ «Սուպերմարկետների սեփականատերերը չեն ցանկանում իրենց ապրանքները վաճառել ցածր գներով, քանի որ կարծում են, թե թանկացումները մոտ են»,- ասել է Բալայը՝ նշելով, որ դա ակնհայտ է ծխախոտի դեպքում։