Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ փոխվարչապետերի միջև քննարկումներից
ПолитикаՀայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկումներ են իրականացնում բացառապես երկրների իրավազորության ու ինքնիշխանության շրջանակներում ճանապարհների հետ կապված: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Ճանապարհները, որոնք անցնելու են տվյալ երկրներով ու որոնց շուրջ մենք իրականացնում ենք քննարկում, լինելու են տվյալ երկրի իրավազորության ներքո ու ենթակա են լինելու տվյալ երկրի ինքնիշխանության կանոններին: Մենք մինչ օրս քննակում ենք հարցեր», - ասաց նա:
Փոխվարչապետի խոսքով՝ երկաթգծի հետ բավականին ընդհանուր մոտեցումներ կան, որովհետև բանակցությունները Երասխից Հորադիզ գծին են վերաբերում:
«Այդ հատվածը ոչ միայն ինքնուրույն հատված է, այլ նաև հնարավորություն է Իրանի հետ կապ ստանալ Երասխից, նաև մի օղակ է, որը կապում է Վրաստանի երկաթգծի հետ. դառնում է տարածաշրջանային նշանակության լուծում», - ասաց Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այս փուլում Հայաստանի համար ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ տեխնիկական մեկ լուծում գտնեն ու համաձայնեցնեն, որը կունենա տարածաշրջանային նշանակություն:
«Ու այդ պարագայում այն հիմնական խաղաղության մանդատը, որի մասին խոսում ենք, մենք այդ մանդատը կստանանք, որովհետև այդ ենթակառուցվածքի աշխատանքում շահագրգռված կլինեն տարածաշրջանի բոլոր երկրները», - պարզաբանեց ՀՀ փոխվարչապետը:
Նա նշեց, թե ապաշրջափակման գործընթացը պարզ գործընթաց է, որն իրականացվում է տարածաշրջանում որպես հաղորդակցությունների ու տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթաց ու պետք չէ սա կապել սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հետ: