1 քրգործ և 11 նախապատրաստվող նյութեր՝ 4 մարզերի ընտրություններում ընտրական հանցագործության դեպքերով
Право2021թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին խոշորացված համայնքներում, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Փարաքար խոշորացված համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում, ինչպես նաև Վայոց Ձորի Մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ խոշորացված համայնքներում:
Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նշված համայնքներում կայացած ընտրությունների առնչությամբ ընդհանուր ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին ընդհանուր 20 հաղորդում և ահազանգ, որոնցից 2-ը՝ վերաբերում է քարոզարշավի ընթացքին, 18-ը՝ բուն քվեարկության գործընթացին:
Նշված 20 հաղորդում-ահազանգերից 10-ը՝ ստացվել են ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահներից, 1-ը՝ սոցիալական ցանցերում օգտատիրոջ կողմից կատարված գրառում է, 6-ը՝ ԶԼՄ հրապարակումներ, որոնք վերհանվել են մշտադիտարկման արդյունքում, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ են:
Ըստ բնույթի` ստացված հաղորդումները կամ ահազանգերը նշված 4 մարզերի համապատասխան համայնքների պարագայում եղել է հետևյալը.
1-ը՝ վերաբերել է ենթադրաբար ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,
1-ը՝ նախընտրական պաստառի առերևույթ վնասմանը,
1-ը՝ բաց քվեարկության միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն,
3-ը՝ ընտրական հանձնաժողովի անդամների, ընտրություններին մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանն առերևույթ խոչընդոտելուն,
1-ը՝ ընտրատեղամասին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքներ հնչեցնելուն,
8-ը՝ տարբեր համայնքների տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն,
3-ը՝ ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,
1-ը՝ վարչական ռեսուրսի կիրառմանը,
1-ը՝ այլ բնույթի:
Հաղորդումներից 9-ը բնույթով եղել են խիստ վերացական և ընդհանրական, ինչով պայմանավորված՝ դրանցում նշված տվյալների իսկությունը պարզելու նպատակով ՀՀ Ոստիկանության մարզային բաժիններին հանձնարարվել է կատարել ստուգողական գործողություններ: Արդյունքում դրանցից 2-ը թողնվել են անհետևանք, քանի որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ներկայացված տվյալները չեն հաստատվել: Մնացածների պարագայում ստուգողական գործողություններն ընթացքի մեջ են:
Իսկ առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործության դեպքերի վերաբերյալ 11 հաղորդում ուղարկվել են Ոստիկանության կամ քննչական մարմիններ՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում ներկայացված տվյալները պարզելու, իրավական գնահատականի արժանացնելու հանձնարարությամբ: Դրանցից 6-ով նյութերի նախապատրաստումը շարունակվում է: Իսկ մեկ դեպքով՝ կապված Եղեգնաձոր խոշորացված համայնքում նախընտրական շրջանում առերևույթ ընտրություններին մասնակցող կոնկրետ ուժի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տրամադրելու վեաբերյալ Ոստիկանության ստացած օպերատիվ տվյալների հետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում դեռևս քվեարկությունից առաջ՝ դեկտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154.2—դ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: