Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկում է Կասպից ծովի խորհուրդ ստեղծել
ПолитикаԿասպյան գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում Ռուսաստանը հանդես է եկել Կասպիական խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ: ՌԴ-ի առաջարկով՝ խորհրդի կենտրոնը պետք է գտնվի Աստրախանում` տարածաշրջանում համագործակցության արդիական հարցերը քննարկելու համար։ Այս մասին չորեքշաբթի օրը Դաշնային խորհրդում կառավարական ժամին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ այս փուլում պատրաստվում է Աշխաբադում «Կասպյան հնգյակի» գագաթնաժողովին։ «Դա կարող էր ավելի վաղ անցկացվել տեսակոնֆերանսի ռեժիմով, արդեն կան համաձայնագրերի նախագծեր, որոնք պատրաստ են ստորագրման: Բայց բոլորն ուզում են սպասել, մինչև անձամբ հանդիպելու հնարավորություն լինի: Դա միշտ ավելի արդյունավետ է և թույլ է տալիս ավելի գաղտնի քննարկել կարևոր հարցերը» - պարզաբանել է Լավրովը։
«Նոր գագաթնաժողովին ներկայացվող նախաձեռնությունների թվում է Կասպիական խորհրդի ստեղծման մեր նախաձեռնությունը, որն առաջարկում ենք տեղադրել Աստրախանում»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով, առայժմ մանրամասները համաձայնեցվում են, սակայն նախաձեռնության հետ կապված առարկություններ չկան։ «Գործընկերների մոտ որոշ մտավախություններ կան, որ սա կլինի ևս մեկ բյուրոկրատական կառույց: Բայց խնդիրն այստեղ այն է, թե ինչպես կազմակերպել այդ ամենը: Դա կարելի է անել առանց մեծ քարտուղարության մեքենայի, բայց կանոնավոր հանդիպումներ կազմակերպել կասպյան համագործակցության տարբեր ասպեկտների վերաբերյալ, որպեսզի դա լինի շարունակական, և ոչ միայն հաջորդ գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում»,- ասել է Լավրովը։