Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից ներկայացնել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը․ 5165 շարժում
Политика«Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից ներկայացնել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը
Հարգելի՛ հայրենակիցներ,
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր սեղանին դրված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթ, որի բովանդակությունը գաղտնի է պահվում: Փաստաթղթի վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի Հանրապետությունից թշնամուն զիջվելու են կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս:
Մեր մտահոգություններն ավելանում են, քանի որ նշված փաստաթղթի բովանդակության բացահայտմանն ուղղված խորհրդարանական և արտախորհրդարանական նախաձեռնությունները տապալվում են:
Համաձայն ՀՀ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Ելնելով նշվածից՝ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից՝ ներկայացնել իր նշած փաստաթղթի բովանդակությունը: Պահանջում ենք ՀՀ Ազգային Ժողովից և ՀՀ նախագահից իրենց իրավասությունների սահմաններում բարձրացնել այս հարցը:
Տեղեկացնում ենք, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 14.00-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ներկայացնելու այս պահանջը: Տեղում կներկայացնենք նաև հետագա գործողությունների ծրագիրը:
Հարգելի՛ հայրենակիցներ, մեր պահանջը վերկուսակցական է: Մենք սատարում ենք բոլոր այն ուժերին, որոնք այս պահին հանդես են գալիս նմանատիպ նախաձեռնություններով և կոչ ենք անում հետևել մեր օրինակին՝ ցած դնել կուսակցական դրոշները և միավորվել այս պահանջ-փաստաթղթի շուրջ»: