Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում․ պայմանավորվել են ուղիղ կապ ստեղծել պաշտպանության նախարարների մակարդակով
ПолитикаՀայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին նշված է ԵՄ հայտարարության մեջ։
Հայտարարության տեքստում նշված է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ այս շաբաթ տարածաշրջանում տիրող իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Գագաթնաժողովը կայանալու է դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները՝ բարգավաճ և կայուն Հարավային Կովկաս ունենալու համար, որին աջակցում է ԵՄ-ն։
Հեռախոսազրույցների ընթացքում Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են նաև ստեղծել ուղիղ կապ` պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ։