Այժմ գտնվում ենք պետության և նրա տարածքների անդամահատման շրջափուլում. Վարուժան Բաբաջանյան
Альтернативное мнениеՊատերազմի մասին
Հանրային դժգոհությունը Նիկոլից ու իր խմբից այն չէ, թե ինչու է ՀՀ սահմաններում պատերազմական զարգացումներ․ ունենք սահմանակից հարևաններ, որտեղ ձևավորված է մեզ մասնատելու օրակարգ, և պատերազմը այս պարագայում անսպասելի չէ։ Հանրային դժգոհության պատճառը այն է, որ հայկական իշխանությունները 44-օրյա աղետից հետո երկիրը հետպատերազմյան և բուն պատերազմական ռելսերի վրա դնելու փոխարեն սկսեցին սպասարկել թշնամական օրակարգը։
Դիցուք, թշնամին խախտելով նոյեմբերի 9-ի առանց այն էլ խայտառակ փաստաթղթի դրույթները՝ ներխուժեց ՀՀ տարածք, տեղադրեց անցակետեր ու մաքսակետեր։ Փաշինյանը ոչ միայն որևէ գործողություն չձեռնարկեց՝ ընդհուպ մինչև պատերազմի վերսկսման սպառնալիքի ներքո դաշնակիցներին դիմելը (ինչը արվեց այսօր), այլև սկսեց սպասարկել ազերական օրակարգը՝ այդ տարածքները հռչակելով ադրբեջանական՝ ընդհուպ դրանք անվանելով նրանց տեղանուններով՝ Էյվազլի և այլն։ Իսկ ո՞վ էր նրան այդպիսի իրավունք տվել՝ ձեռքի տակ չունենալով որևէ պաշտոնական, հաստատված միջպետական քարտեզ։ Անգամ հասարակ հայտարարությունների մակարդակով չահազանգվեց այդ տարածքների բնակիչների հումանիտար ճգնաժամի մասին։
Պատերազմող երկրում հայտարարելով խաղաղության օրակարգ՝ երկիրը չդրվեց ռազմական ռելսերի վրա։ Տնտեսությունը որևէ կերպ չհարմարեցվեց բնագծերը ամրացնելու և ռազմական տնտեսությունը սնելու գործին։ Չդադարեցվեց պարգևավճարների պրակտիկան անգամ այս պայմաններում, ռազմական արդյունաբերության որևէ գործարան չկառուցվեց, բյուջետային միջոցները առաջնահերթ կերպով չուղղվեցին մասնատված բնագծերի կահավորմանը, ամրացմանը, վերազինմանը։ Մայրաքաղաքն ու մեծ քաղաքները գրեթե անհաղորդ մնացին սահմանակից համայնքների կյանքին, հանրային դիսկուրսում պատերազմի մասին գրեթե սերիալային պատկերացումներ ձևավորվեցին։ Անգամ չինովնիկական դասը չհարմարեցվեց պատերազմական և երկրի վերականգնողական վիճակին, նոյեմբերի 9-ից հետո հանրային, քաղաքական ու տնտեսական կյանքում պատերազմի էջը արհեստականորեն փակվեց և մնաց բացառապես միմյանց մեղադրելու և շշեր նետելու մակարդակում։
Մինչդեռ գոնե մինիմալ քայլեր կային, որ պետությունը պետք է աներ պատերազմում ծանր հարվածներ ստացած պետության մեջ։ Ընտրությունների ժամանակ և դրանից հետո անվտանգային իրական դիսկուրսը փոխարինվեց պողպատե մանդատի, երկաթե ձվերի, գայլերի ու գելխեղդների պոպուլիստական օրակարգերով։ Հայաստանի արտաքին քաղաքականության դոկտրինը կառուցվեց հարևանների ենթադրյալ բարյացկամության ու խաղաղասիրության միֆոլոգիայի վրա։ Իսկ այդ ընթացքում նրանք, օգտագործելով մեր ներքին ու արտաքին աղետալի վիճակը, ավելի խորացրին պատերազմի սպառնալիքը՝ ժամ առ ժամ ձևակերպելով նորանոր պահանջներ։
Այս ամենը, սակայն, երկար վերլուծելու նյութ է։ Ակնհայտ է, որ իշխանությունը չի կարողանում սպասարկել անգամ իր օրակարգերը, իշխող էլիտան հոգեկան, բարոյական և ֆիզիկական կոլապսի մեջ է։ Սակայն այս պահին, քանի դեռ իրավիճակը սահմանին ծայրաստիճան լարված է, ու մեր իշխանությունները ծայրաստիճան ոչ ադեկվատ են այս իրավիճակին, ընդհանուր օրակարգը պետք է լինի ժամ առաջ իրավիճակի չհասունացումը նոր, աղետալի զարգացումների։ Այն գինը, որ կարող ենք վճարել թե իշխանության, թե հակառակ ճամբարի արկածախնդրության հետևանքով, կարող է անդառնալի լինել։ Առանց այն էլ մենք արդեն մսխել ենք մեր հաղթանակները, կորցրել հրաշալի, երիտասարդ սերունդ, իսկ այժմ գտնվում ենք պետության և նրա տարածքների անդամահատման շրջափուլում։
Իսկ ովքե՞ր պետք է երկիրը բերեն խոհեմության և սթափության հուն՝ պետք է որոշեն ինձանից խելոք մարդիկ։ Բայց պետք է որոշեն արագ, առանց էմոցիաների։
Առջևում գնահատականներ տալու և մեղավորներ որոնելու ժամանակ, հուսամ, կունենանք․․․
Եթե այդ ժամանակն էլ արդեն չենք մսխել․․․