Յունիբանկի աջակցությամբ անցկացվեց «Երաժշտություն և գինի» ամենամյա տոնակատարությունը
ОбществоՅունիբանկի աջակցությամբ Voskeni Wines գինեգործարանում անցկացվեց «Երաժշտություն և գինի» տոնակատարությունը: Միջոցառումը նվիրված էր հայ մեծագույն կոմպոզիտորների՝ Ալ. Սպենդիարյանի՝ 150, և Առնո Բաբաջանյանի՝ 100-ամյակներին:
«Կենդանի երաժշտություն, բարձրորակ գինի և հայկական ավանդական խոհանոց. ահա այն երեք բաղադրիչները, որոնք բնութագրում են այս տոնը: Յունիբանկը ուրախությամբ աջակցում է նման միջոցառումներին, քանի որ դրանք օգնում են պահպանել մեր ժառանգությունը և խթանել ազգային արժեքների տարածումը»,- ասաց Յունիբանկի Խորհրդի անդամ Արտեմ Կոնստանդյանը:
Տոնակատարությունն անտարբեր չթողեց այցելուներին ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից: Մասնակիցների համար պատրաստվել էր մշակութային հարուստ ծրագիր, որը կոչված էր ցուցադրել հայկական հյուրասիրությունն ու ազգային արժեքները: Հյուրերը շրջայց կատարեցին Voskeni Wines գինեգործարանում, որտեղ ծանոթացան գինու ստեղծման գործընթացին և համտեսեցին գինու տեսականին: Այնուհետև այցելուները հրավիրվեցին տոնական ճաշին, որն ուղեկցվեց Ալեքսանդր Սպենդիարյանի հիասքանչ երաժշտությամբ՝ Արմինե Գրիգորյանի (դաշնամուր), Կարեն Շահգալդյանի (ջութակ) և Արտյոմ Իոանիսյանի (թավջութակ) կատարմամբ: Մադաթ Ավանեսովի ջազային տրիոն հանդիսատեսին հիացրեց Առնո Բաբաջանյանի մեղեդիների թեմաներով ինքնատիպ իմպրովիզացիաներով։
Հյուրերը հաճույքով լուսանկարվեցին Արարատ լեռան ֆոնին՝ հայկական տարազով: Երեկոն ավարտվեց ծառատնկով: Բոլոր ցանկացողները տնկիների վրա ամրացրեցին իրենց անունները, որ վերադառնան «Երաժշտության և գինու» հաջորդ տոնակատարությանը և գտնեն իրենց տնկած ծառերը: