ԱՄՆ-ում որոշել են Ռուսաստանին նոր ձևով ճնշել. RT
МеждународноеԱՄՆ-ի Կոնգրեսում մշակել են համաշխարհային շուկայում ռուսաստանյան զենքի նկատմամբ հետաքրքրությունը նվազեցնելու նոր ծրագիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է RT հեռուստաալիքը՝ վկայակոչելով ներկայացված զեկույցը:
«Ի՞նչ ռազմավարությունների կարող է հետամուտ լինել ԱՄՆ-ն ռուսաստանյան զենքը պակաս հրապուրիչ դարձնելու համար: Ի՞նչ չափով մենք պետք է սեփական սպառազինությունների արտահանում առաջարկենք երկրներին, որոնք քննարկում են ռուսաստանյան զենք ձեռք բերելու հնարավորությունը»,-այսպիսի հարցեր են առաջադրված փաստաթղթում:
Վերլուծաբանների կարծիքով, սպառազինությունների օգնությամբ Ռուսաստանը առաջ է տանում իր արտաքին քաղաքական շահերը՝ դրանով իսկ թուլացնելով Վաշինգտոնի ազդեցությունը: Առանձին կոնգրեսականներ այն կարծիքին են, որ զենքի վաճառքներն օժանդակում են «Ռուսաստանի ագրեսիվ և չարամիտ գործունեությանը», ինչպես նաև բորբոքում են տարածաշրջանային հակամարտություններ:
Նշվում է, որ սահմանված պատժամիջոցները բավարար արդյունավետ չեն: Բացի այդ, նման սահմանափակիչ միջոցները կարող են բացասական արձագանք առաջացնել ներմուծող պետությունների կողմից և վնաս հասցնել հենց ԱՄՆ-ին, ասվում է փաստաթղթում: Կոնգրեսում դա բացատրում են նրանով, որ բազմաթիվ երկրներ մեծ հույսեր ունեն ռուսաստանյան զենքի հետ կապված, ուստի նրանց համար դժվար կլինի կտրուկ հրաժարվել դրանից:
Այսպիսով, փաստաթղթի հեղինակները կոչ են անում ճնշման նոր միջոցներ որոշել պաշտպանական-արդյունաբերական համալիրի համար, որոնք կօգնեն մեկուսացնել Ռուսաստանը: