Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թ․ առաջնությունը կանցկացվի Երևանում
СпортԲռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը կկայանա Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Եվրոպայի 2022 թվականի բռնցքամարտի առաջնությունը կընդունենք Երևանում: Նման մեծամասշտաբ իրադարձություն մեր երկրում չի եղել անգամ խորհրդային Հայաստանի ժամանակներում: ՀՀ կառավարությունն էլ հանձն է առել համակողմանի աջակցել մրցման անցկացմանը»,-ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի խոսքով` Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար մեծ աշխատանք է կատարվել:
«Բավական մեծ աշխատանք է կատարվել ֆեդերացիայի և ԿԳՄՍ-ի կողմից, որ այս ամենն իրականություն դառնա: Այդ իսկ պատճառով Հայաստան հրավիրեցինք ԱԻԲԱ-ի` Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահին, ով եկավ և անձամբ ծանոթացավ մեր ենթակառուցվածքներին»,-ասել է Հովսեփյանը:
Եվրոպայի առաջնության կկայանա 2022 թվականի մայիսի 21-31-ը: Նախնական տվյալների համաձայն Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մոտ 40-42 երկրի հավաքականներ: