Եվրոպայում առաջինն ենք. ՀԱՕԿ նախագահը ծանր օրեր ապրող մեր ազգի համար այս հաղթանակը շատ բարձր է գնահատում. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է
Եվրոպայի մինչև 23 տարեկանների և երիտասարդական առաջնություններում Հայաստանի ծանրամարտի հավաքականը ուղղակի ֆուրոր է արել: Հայաստանը ներկայացնող 17 մարզիկից 15-ը կանգնել է պատվո պատվանդանին. երկամարտի ընդհանուր գումարով մեր ծանրորդներից 9-ը դարձել է չեմպիոն, իսկ երեքական պատվիրակ՝ արծաթե և բրոնզե մեդալակիր: Իսկ ընդհանուր առմամբ, առանձին վարժություններում և երկամարտում Հայաստանի ներկայացուցիչներն իրենց հետ հայրենիք են բերել 21 ոսկե, 9 արծաթե, 8 բրոնզե մեդալ:
Արդյունքում, մերոնք առաջինն են Եվրոպայում և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկով: Սա կարելի է ասել, վերջին շրջանի բացառիկ լուսավոր կետերից մեկն էր մեր իրականության մեջ: Ասել, որ այս հաղթանակը մեր ազգի համար այս ծանր օրերին չափազանց կարևոր է, նշանակում է ոչինչ չասել: Այդ մասին նշեց նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ որդիների հետ օդանավակայանում մեր մարզիկներին դիմավորելիս: Սակայն նման արդյունքները, ինչպես ասում են, «երկնքից չեն ընկնում»: Այդպիսի հաջողության համար տևական ծանր աշխատանք է պետք, համապատասխան մասնագետներ, ֆինանսներ և, իհարկե, նվիրում ու սեր սպորտի հանդեպ, հայրենիքի հանդեպ և Հայրենիքիդ դրոշը բարձր պահելու անհագ ցանկություն:
Մարզաշխարհի ներկայացուցիչների համոզմամբ, հերթական այս հաղթանակի թիկունքին ևս կանգնած է Գագիկ Ծառուկյանը: Մեզ հետ զրույցում մի շարք մարզիկներ ու մարզիչներ շեշտում էին, որ հենց նրա պրակտիկ գործողությունների շնորհիվ էլ հնարավոր են դառնում այսպիսի մեծ հաջողությունները: Իսկ այդ գործողությունները մշտական են, ամենօրյա՝ մարզիկների ֆինանսավորում, մարզադաշտերի կառուցում, մարզերում սպորտային դահլիճների վերանորոգում և այլն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում