Fact Check. ԱԽ քարտուղարի և վարչապետի հակասական հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասին
ПолитикаՀայաստանի իշխանությունները չունեն մեկ հստակ դիրքորոշում այն մասին, թե արդյոք Թուրքիային և Ադրբեջանին Հայաստանի տարածքով տրամադրվելու են միջանցքներ, որոնց մասին էլ վերջին շրջանում հաճախ են խոսում Էրդողանն ու Ալիևը: Մինչ վերջիններս հոխորտում են և սպառնում ուժով բացել այդ միջանցքները, ՀՀ իշխանությունները փորձում են մոլորության մեջ գցել հանրությանը` իրենց հակասական մեսիջներով:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է՝ «Թուրքիայի նախագահն օգտագործել է «միջանցքներ» տերմինը։ Ոչ թե եզակի, այլ հոգնակի՝ «միջանցքներ»։ Իսկ երբ ասվում է՝ «միջանցքներ», մենք հասկանում ենք մի քանի ճանապարհներ։ Դա մեր տրամաբանությանը շատ մոտիկ է։ Եվ եթե հնարավորություն լինի քննարկելու, երկխոսության հնարավորություն լինի, ապա, կարծում եմ, մենք լուծումներ կգտնենք։ Այսինքն` «միջանցքներ» մենք հասկանում ենք այսպես` Հայաստանում մի քանի ճանապարհներն օգտագործել»: Այսինքն՝ Գրիգորյանը չի հերքում, որ միջանցքներ և ճանապարհներ կարող են բացվել:
Իսկ ահա թե ինչ է այս նույն հարցի վերաբերյալ շաբաթներ առաջ գրել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ «Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա, որևէ միջանցքի հարց չի քննարկվում»:
Ինչպես տեսնում ենք՝ հակասական հայտարարություններ են արվում և պարզ չէ՝ իրականում ինչ դիրքորոշում ունեն ՀՀ իշխանությունները վերոնշյալ միջանցքի բացման վերաբերյալ: