Մահացել է Անահիտ Թոփչյանը
Культура2021 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանում մահացել է հայ անվանի դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը (օրիորդական ազգանունը՝ Մկրտչյան), գրաքննադատ, արձակագիր, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի կինը։
Նա ծնվել է 1947 թ․ օգոստոսի 21-ին, Արթիկում, 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1998 թվականից ՀՀ գրողների միության անդամ է։ 1967–1991 թվականներին աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում։ 1990 թ. հիմնադրել է հեղինակային թատրոն, որի շրջանակներում հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Գերմանիա, Կանադա, Լիբանան, Սիրիա, Կիպրոս)` լինելով թատերական բեմադրիչ, տեքստի հեղինակ, դերասան և գեղարվեստական ղեկավար։