Քվե՝ բյուջեի հաշվին. Մելիքսեթ Պողոսյանի նախընտրական «բարեգործությունը»
ПолитикаՍյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի սեպտեմբերի 14-ի որոշմամբ 2 միլիոն դրամից ավել գումար է տրվել օգնության համար մարզպետարան դիմած 50 քաղաքացու։
Ստորագրած որոշումից տեղեկանում ենք, որ 2 միլիոն 70 հազար դրամը բաժանցվել է 50 քաղաքացու միջև՝ տարբեր չափի գումար է ստացվել, եւ դա միայն սեպտեմբեր ամսին դիմած քաղաքացիներին է վերաբերում: Քաղաքացիներին հատկացվել են համապատասխանաբար` 100 հազար, 50 հազար, 40 հազար, 30 և 20 հազարական դրամներ։
Այս ամենը, իհարկե, ողջունելի է, սակայն, տպավորություն է, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզի սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներին հիշում է միայն ընտրություններից ընտրություն, երբ ՔՊ-ին այդքան անհրաժեշտ է վերոնշյալ քաղաքացիներին քվեն: Մնացած դեպքերում այդ քաղաքացիները և նրանց սոցիալական խնդիրները մարզպետի կողմից անտեսված են: Իսկ ընտրություններին ընդառաջ նման օգնությունը դիտարկվում է իբրև լեգալ ընտրակաշառք;
Ինչո՞վ են նոր մարզպետները, պաշտոնյաները տարբերվում այսպես կոչված` նախկիններից: Օրինակ, 2017 թվականին ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը չէր հերքում, որ գյուղերում ընտրություններից առաջ ալյուր ու բրինձ բաժանում են՝ պնդելով, որ դա ընտրակաշառք չէ, այլ բարեգործություն է: Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը 2013 թվականին գրում էր, որ ՀՀԿ-ն իր թեկնածուի համար գումար է բաժանում քաղաքացիներին: Մասնավորապես, տարածվեց մի փաստաթուղթ, որտեղ երեւում է, որ Արարատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Մնացականյանը որոշում է ստորագրել տարբեր քաղաքացիների օգնության անվան տակ 15-40 հազար դրամ բաժանելու մասին:
Ինչպես տեսնում ենք՝ հների բարքերը ժառանգել են նաև Նոր Հայաստանի թավշյա պաշտոնյաները..