Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և ամենաչոր ձևով. Փաշինյան
Այսօր կեսօրին ես պարետատան նիստ եմ հրավիրել եւ հանձնարարել, որ պետք է հետեւենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ եւ ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հարկադրանքի ենթարկվող մեր քաղաքացիները պետք է նախապես մտածեն այդ իրավիճակի մասին: Եթե մեկը սննդամթերքի վաճառք է կազմակերպում, նախապես պետք է մտածի որ այդ վաճառքը պետք է կազմակերպի պատերատան կանոններով:
Մենք այսօր կանգնած ենք հետեւյալ հանգրվանին. Կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների՝ զուգորդելով պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական ու սոցիալական ցնցումների, կամ մենք միասին համագործակցված իրար հետ հսկողության տակ ենք առնում իրավիճակը եւ արձանագրում ենք արդյունքներ:
Իմ դիրքորոշումը մեկն է, որ անկախ այս երկու սցենարներից, պետք է հսկողությունը կատարվի ամենախիստ, ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ, ոչ մի փաստարկ, ոչ մի զգացմունքային պահ: Մենք սրա համար ընդամենը 1-2-3 օր ունենք, որպեսզի երկրում որակական իրավիճակ փոխենք»,- ասաց Փաշինյանը: