Թալիբները Քաբուլում տոնում են Փանջշերի գրավումը. աշխարհազորը հերքում է նահանգների անկումը
МеждународноеԹալիբները Քաբուլում տոնում են վերջին չվերահսկվող նահանգի՝ Փանջշերի գրավումը: Մինչդեռ աշխարհազորայինները հերքում են, որ Փանջշերն ընկել է:
Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն ՝ վկայակոչելով Թալիբանի ներկայացուցչի հայտարարությունները եւ ականատեսների վկայությունները, Աֆղանստանի Փանջշեր նահանգի գրավումը հրաձգությամբ են տոնում Քաբուլում եւ Աֆղանստանի այլ քաղաքներում:
Ուրբաթ ավելի վաղ շարժման խոսնակ Բիլալ Քարիմին հայտարարել էր, որ Փանջշերը անցել է «իսլամական էմիրության» (թալիբների քաղաքական համակարգի ինքնանվանումը) վերահսկողության տակ: Քաբուլի ոստիկանության շտաբի ՌԻԱ Նովոստի-ի աղբյուրը հայտնել է, որ Փանջշերում դիմադրության ուժերը գերեվարվել են թալիբների կողմից, իսկ փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը եւ դիմադրության ուժերի առաջնորդ Ահմադ Մասուդը փախուստի են դիմել:
Փանջշեր նահանգը միակն էր, որ դուրս էր մնացել թալիբների վերահսկողությունից:
«Քաբուլի բնակիչները չպետք է անհանգստանան: Կրակոցները դեպի օդ են ուղղված եղել: Կոչ ենք անում բոլոր զինված մոջահեդներին դադարեցնել կրակոցները՝ չվնասելու համար խաղաղ բնակիչներին: Այս հրաձգությունը կապված է Փանջշեր նահանգի անկումը տոնելու հետ», - Twitter-ում գրել է «Թալիբան»-ի մշակույթի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ահմադուլլահ Վասիկը:
ՏԱՍՍ-ը հայտնել է, որ հյուսիսային Աֆղանստանի Փանջշեր նահանգում ազգային դիմադրության ուժերը հերքել են թալիբների կողմից նախկինում տարածված տեղեկատվությունը, թե իրենց հաջողվել է ամբողջությամբ գրավել նշված տարածաշրջանը: «Դրանք թալիբների կողմից տարածված խոսակցություններ են՝ բնակչությանը վախեցնելու համար: Նրանք փորձում են մի քանի ուղղություններով ներխուժել Փանջշեր, սակայն ստիպված են նահանջել», - ասել է գործակալության զրուցակիցը: