Քրեական հեղինակությունը կալանավորվել է․ ոստիկանություն
ПравоՀետախուզվողի վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների հետ համատեղ: Օգոստոսի 30-ին, ժամը 17.10-ին, Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում հաշվառված 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց Բյուրականում և բերման ենթարկվեց բաժին: Նա մեղադրվում էր ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Մասնավորապես, քննությանը հայտնի տվյալներով` քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան ունեցող 35-ամյա տղամարդը ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որի անդամների հետ այս տարվա սկզբին կազմակերպել և իրականացրել է մի քաղաքացու առևանգում: Քաղաքացուն, աչքերը կապած, տարել են անհայտ ուղղությամբ, նրա նկատմամբ գործադրել են ֆիզիկական բռնություն, պահանջել ու շորթման եղանակով ստացել են առանձնապես խոշոր չափի գումար:
Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: