ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Արցախի ԱԺ նախագահի հետ հանդիպմանը նշել է Արցախ այցելելու գլխավոր նպատակը
ПолитикаՕգոստոսի 29-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարար Ռուբեն Սարգսյանը ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են ԱՀ խորհրդարանում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ աշխատակազմը:
Ողջունելով հյուրերին ՝Աժ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և բարձր գնահատել նրա մարդկային և մասնագիտական որակները՝ առանձնապես ընդգծելով Նարեկ Մկրտչյանի գործունեությունը անհետ կորած ընտանիքների հետ հանդիպումների ժամանակ:
Հանդիպմանը քննարկվել է պատերազմից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության միջոցով իրականացված շուրջ 15 ծրագիր:Նախարարի տեղեկացմամբ նախատեսվում է վերաձևել այդ ծրագրերը՝ դրանք ավելի թիրախային ու նպատակային դարձնելու ակնկալիքով:«Մեր նպատակն է՝ աստիճանաբար այլընտրանքներ զարգացնելով ու ներկայացնելով սոցիալական ուղիղ աջակցությունից անցում կատարել դեպի զարգացման ծրագրեր», -շեշտել է Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը նշել է, որ Արցախ այցելելու գլխավոր նպատակն է ներկայացնել սոցիալական բիզնեսի ներդրման նոր ծրագիր, որը կներառվի պետական աջակցության ծրագրերում: Հայաստան համահայկական, հայկական բարեգործական հիմնադրամների, մասնավոր անհատների և սփռյուքի հայ գործարարների հետ պայմանավորվածություններ ունեն նմանատիպ ծրագրերի կյանքի կոչման համար: Այս առումով նախարարը կարևորել է արցախցու՝ Արցախում բիզնես ծրագիր իրագործելու խնդիրը, Արցախի ժողովրդագրական և սոցիալական անվտանգությունը:
Հանդիպմանը անդրադարձել են նաև ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած տեղահանված արցախցիների կացարանների և Արցախում բնակարանաշինությանն առնչվող հարցեր: Քննարկման փուլում է աջակցության որոշ ծրագրերի հնարավոր շարունակականության հարցը:
Հանդիպմանը ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և Աժ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը: