Ադրբեջանական կողմը խաթարում է իրավիճակի լիցքաթափմանը, տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Միրզոյանը՝ ՌԴ դեսպանին
ПолитикаՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ օգոստոսի 27–ին, ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից, Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է խորացնել եւ ընդլայնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ միջպետական օրակարգի բոլոր ուղղություններով, ինչն արձանագրված է նաեւ երեկ ընդունված կառավարության ծրագրում:
Նշվել է, որ տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում իրադարձությունների զարգացման դինամիկան առավել կարեւոր է դարձնում հայ-ռուսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու անհրաժեշտությունը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի ջանքերի կապակցությամբ՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը:
Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, այդ թվում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն այդպիսով խաթարում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված իրավիճակի լիցքաթափմանը եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Զրուցակիցները նաեւ քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունն ակտիվ ջանքեր կգործադրի` ուղղված կազմակերպության զարգացմանն ու ներուժի ամրապնդմանը: