Նոր Օստապ Բենդեր, կամ ինչպես շահագործել հայկականության բրենդը
ПолитикаԻլֆի և Պետրովի անմահ գործի արկածախնդիր հերոսը՝ Օստապ Բենդերը գիտեր խարդախության 400 համեմատաբար ազնիվ եղանակ, բայց թերևս ծանոթ չէր ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանին։ Հայկականության բրենդը տարիներ շարունակ դրոշակ դարձրած, տասնյակ նախաձեռնություններ և գեղեցիկ անուններով բարեգործական ծրագրեր հայ հանրությանը հրամցրած Վարդանյանը, պարզվում է, որ բոլոր հնարավոր և անհնար եղանակներով փորձում է Հայաստանում սեփական քաղաքական ապագա ստեղծել՝ չխորշելով օգտագործել փաշինյանական իշխանության թերմացքները։
Վարդանյանը մեկ հանդես է գալիս որպես գործող իշխանությունների մոլի քննադատ, մեկ՝ առանց սեթևեթանքների համագործակցում նիկոլականների հետ։ Այժմ էլ ռեբրենդինգ է արել Նիկոլ Փաշինյանի մի քանի նախկին կողմնակիցների և սեփական կուսակցությունն է հիմնում Հայաստանում։ Ըստ ամենայնի, Ռուբեն Վարդանյանին չէր բավարարում նախորդ խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության մեջ ընդգրկված «Առաքելություն» կուսակցության անվանումը։ Կամ էլ մտածում է չեզոք խաղացողի տպավորություն թողնել, չնույնականանալ Փաշինյանի դաշնակիցների հետ։ Գործարարը, սակայն, չի կարողացել ավելի հարմար թեկնածուներ գտնել՝ Հայաստանում համատեղ քաղաքական ապագա ստեղծելու համար։ «Առաքելություն» կուսակցությունը վերանվանվել է «Ապրելու երկիր» կուսակցության, իսկ ղեկավարները Հայաստանի սոցապ նախկին նախարարներն են՝ «Լուսավոր Հայաստանից» առողջական պատճառներով հեռացած, ապա ամիսներ անց Արցախի սոցապնախարարի պաշտոնում նշանակված Մանե Թանդիլյանը և Փաշինյանի նախկին խորհրդական, նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Նորահայտ կուսակցականները վերջին շրջանում բոլ-բոլ քննադատում են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը տարբեր ոլորտներում, նույնիսկ այն ոլորտներում, որ իրենք էին ժամանակին համակարգում, քարը քարի վրա չեն թողնում, իսկ Ռուբեն Վարդանյանն էլ կողքից հետևում, միգուցե նաև պարգևատրում է ջանասիրության համար։ Կուսակցության գաղափարական ուղղվածությունն էլ հայտնի չէ, միգուցե հետևել են «Քաղաքացիական պայմանագրի» օրինակին, -իզմեր չեն դավանում՝ անհրաժեշտ պահին ցանկացած -իզմի տակ ներկայանալու ակնկալիքով։
Վահե Թադևոսյան