Աֆղանստանի նախագահը հրաժարական կտա, բայց ունի իր պայմանները. «ՌԻԱ Նովոստի»
ПолитикаԱֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին կհեռանա պաշտոնից՝ իր պայմաններով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«Նախագահը հավատարիմ է իր հրաժարականի պայմաններին», - ասել է աղբյուրը: Ղանին ասել է, որ իշխանության փոխանցումը չի կարող իրականացվել, քանի դեռ հայտնի չէ իր իրավահաջորդը և խաղաղության և ընտրությունների վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագիր չի կնքվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի ներքին գործերի նախկին նախարար Ահմադ Ջալալին կնշանակվի երկրի անցումային կառավարության ղեկավար:
Khaama Press գործակալության տվյալներով՝ Քաբուլում շարունակվում են բանակցությունները «Թալիբան»-ի և Աֆղանստանի իշխանությունների միջև՝ թալիբներին իշխանությունը փոխանցելու վերաբերյալ:
«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչը BBC-ի թղթակից Յալդա Հակիմին ասել է, որ «Աֆղանստանի ժողովրդի նկատմամբ վրեժ չի լինի»:
«Մենք վստահեցնում ենք Աֆղանստանի, մասնավորապես՝ Քաբուլ քաղաքի բնակիչներին, որ նրանց ունեցվածքը, նրանց կյանքն ապահով է. ոչ ոքի նկատմամբ վրեժ չի լինի», - ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:
Վերջինը նաև հավելել է.«Մեր ղեկավարությունը հրահանգել է մեր ուժերին մնալ Քաբուլի դարպասների մոտ և չմտնել քաղաք: Մենք սպասում ենք իշխանության խաղաղ փոխանցմանը»:
Նա շեշտել է, որ բոլոր աֆղանստանցիները մասնակցություն կունենան իսլամական կառավարությանը, այսինքն՝ թալիբներ չհանդիսացող աֆղանստանցիները նույնպես ներառված կլինեն դրա կազմում:
Al Jazeera-ն հավելում է, որ «Թալիբան»-ը և Աֆղանստանի կառավարության պաշտոնյաները բանակցություններ են վարում իշխանության խաղաղ փոխանցման համար, այն դեպքում, որ զինյալները շրջափակել են մայրաքաղաք Քաբուլը:
«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է, որ վերահսկում է Աֆղանստանի ամբողջ տարածքը: Al Arabiya հեռուստաալիքի վկայակոչած թալիբների հայտարարությունը վկայում է այն մասին, որ «երկրի մայրաքաղաքում ռազմական գործողություններ չեն ընթանում, շարժումը վերահսկողություն է հաստատել ամբողջ Աֆղանստանի վրա»: Հեռուստաալիքի տվյալներով՝ թալիբները վերահսկողություն են հաստատել նաև Քաբուլից հյուսիս -արևմուտք գտնվող «Բաղրամ» ավիաբազայի վրա (Փարվան նահանգ): Ինչպես հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը, կազմավորումները գրավել են նաև «Բաղրամ» քաղաքի բանտը, որտեղ պահվում է մոտ 5000 բանտարկյալ, և ազատ են արձակել իրենց կողմնակիցներին:
Ամերիկացի դիվանագետները դեսպանատնից տարհանվել են ուղղաթիռով. քաղաքում կմնա 50-ից պակաս պաշտոնյա: Ըստ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի, ԵՄ աշխատակազմի մի քանի աշխատակիցներ նույնպես տեղափոխվել են Քաբուլում ավելի անվտանգ վայր: Մյուս կողմից, Ռուսաստանը հայտարարել է, որ մտադիր չէ իր պաշտոնյաներին հեռացնել Քաբուլից: «Թալիբան»-ը երաշխավորել է դեսպանատան անվտանգությունը:
Հիշեցնենք, որ «Թալիբան» արմատական շարժման զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը: Նշվում է, որ այժմ երկիրը կարելի է լքել միայն Քաբուլի օդանավակայանից:
Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո: