Դեռ որքա՞ն ժամանակ ՀՀ-ն չի ունենա ԱԳ նախարար. Կառավարությունը լռում է
ПолитикаՀայաստանի Հանրապետությունը մինչ օրս չունի Արտաքին գործերի նախարար, և Կառավարությունը, կարծես, չի շտապում այս հարցում:
Ի դեպ, ԱԳ նախարար չի նշանակվում նույնիսկ ՀՀ կառավարության նոր կազմի ձևավորումից հետո: Օգոստոսի 2-ին նշանակված Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ նշանակվել են ՀՀ Կառավարության բոլոր անդամները, բացառությամբ ՀՀ ԱԳ նախարարի:
Թեման ակտիվորեն քննարկվում է հայկական մամուլում, համացանցային հարթակներում, փորձագիտական շրջանակներում, ու կան պնդումներ, որ ՀՀ կառավարությունն օրենք և օրենքով սահմանված վերջնաժամկետներ է խախտում՝ այսքան ժամանակ ՀՀ ԱԳ նախարար չնշանակելով:
«Թե ինչո՞ւ առ այսօր ԱԳ նախարար նշանակված չէ և ի՞նչ իրավական ակտով է կարգավորվում այս հարցը» թեմայով փորձեցինք զրուցել Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գևորգյանի հետ, ով, ինչպես միշտ, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Սակայն մեզ հաջողվեց զրուցել օրերս ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնը ստանձնած Վահան Հունանյանի հետ, ով փորձեց որոշ պարզաբանումներ տալ:
Նա նախ նշեց. «Դուք երևի տեղյակ եք, որ նախարարի թեկնածուներին նախագահի հաստատմանը ներկայացնում է վարչապետը, և երբ լինի նախարարի նշանակում, բնականաբար, հանրությանը դրա մասին անմիջապես կտեղեկացվի»:
Նա պնդեց, որ նախարարի նշանակման ժամկետի որևէ խախտում չկա: Մեր դիտարկմանը, թե օգոստոսին 7-ին արդեն առաջարկը պետք է ներկայացված լիներ նախագահին, Վահան Հունանյանն արձագանքեց՝ ասելով, որ նման վերջնաժամկետ չկա:
«Կառավարության կառուցվածքի մասին օրենքում գրված է, որ երբ Կառավարության անդամների երկու երրորդը նշանակված են, Կառավարությունը համարվում է ձևավորված»,- ասաց Հունանյանը:
168.am-ի դիտարկմանը, թե փաստորեն ԱԳ նախարարությունը կարող է ամիսներ շարունակ չունենա՞լ ԱԳ նախարար, Հունանյանն ասաց, որ արդեն մեկնաբանեց հարցը:
«Թեկնածուին վարչապետը նախագահին ներկայացնում է, նշանակումը լինում է, նշանակումը կլինի՝ հանրությունը կտեղեկացվի: Խախտման մասով էլ նշեցի, որ խախտում չկա»,- ասաց Հունանյանը:
Պարզաբանենք, որ Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում, որի վերջնաժամկետը օգոստոսի 7-ն է, Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որում առաջարկվում է նշանակել նրան:
Սակայն, ըստ նույն հոդվածի 9-րդ կետի՝ Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականից հետո միայն հուլիսի 14-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմեն Գրիգորյանը նշանակվեց արտգործնախարարի առաջին տեղակալ։ Մինչ այդ ՀՀ ԱԳ նախարարությունը գործում էր առանց ղեկավար կազմի: