Դավիթ Բաբայան. Անհրաժեշտ է օգտագործել երկու անվանումներն էլ՝ Լեռնային Ղարաբաղ եւ Արցախ
ПолитикаԵրկու անվանումներն էլ պետք է օգտագործվեն՝ Լեռնային Ղարաբաղ եւ Արցախ: Այս մասին հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով հարցն այն մասին, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ներկայացնել Ղարաբաղի գրավյալ հատվածը որպես ամբողջ Ղարաբաղ եւ երկրորդ պլան մղել հայաբնակ Ղարաբաղի գոյությունը՝ դրանով իսկ կեղծելով իրողությունները:
ԱԳ նախարարը նշել է, որ տերմինաբանության հետ կապված իսկապես խնդիրներ կան: «Նախ, նույնիսկ աշխարհագրորեն Արցախն ու Ղարաբաղը հարյուր տոկոսով չեն համընկնում: Ղարաբաղն ավելի լայն հասկացություն է, Ղարաբաղը ներառում է Արցախի մեծ մասը, Ուտիկը, Սյունիքի բավականին մեծ մասը, գրեթե ամբողջ Զանգեզուրը եւ Նախիջեւանի մի մասը:
Երկու անուններն էլ պատմական հայերեն են, եւ այդպես է ստացվել, որ մենք պարտավոր ենք օգտագործել երկու անվանումներն էլ՝ լինի դա Լեռնային Ղարաբաղ, թե ցածրադիր Ղարաբաղ, թե Արցախ: Արցախի Հանրապետությունը հազարամյակների ընթացքում կուտակված այդ ամբողջ իրավական, պատմական անցյալի, Ղարաբաղի եւ Արցախի ժառանգության ժառանգորդն է: Այդ ժամանակ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չկային: Այդ իմաստով «նվիրել» Ղարաբաղն Ադրբեջանին անընդունելի է, եւ նույնը վերաբերում է նաեւ Արցախ անվանմանը»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը: