Ճակատենի ճանապարհից ադրբեջանցիները 4-5 մ հեռավորության վրա են գտնվում, ձեռքով են անում, սուլում, հասցրել են ստրատեգիական ճանապարհ կառուցել, անվտանգության ոչ մի երաշխիք չկա․ համայնքի ղեկավար
ПравоՍյունիքի մարզի Ճակատեն գյուղի արոտավայրերի մեծ մասը, ջրի հետ միասին մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Գյուղացիները անասուններին հիմա արածեցնում են այլ տարածքում։ Արոտավայրերը քիչ են, պատահում է, որ անասունները արածելու կամ ջուր խմելու համար անցնում են ադրբեջանցիների վերահոկղության տակ գտնվող տարածք։ Հուլիսի 26-ին արոտի ժամանակ գյուղացիները նկատել են, որ իրենց 4 կովերը չկան, մտածել են, որ գուցե իջել են «Յուրդեր» կոչվող տարածք, ջուր խմելու և անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածք։ Այս մասին Tert․am–ի հետ զրույցում ասաց Ճակատեն համայնքի ղեկավար Արա Հարությունյանը։
Համայնքապետի խոսքով՝ գյուղացիներից մեկը, ում պատկանել են կովերը, հեռադիտակով տեսել է, որ անասունները գտնվում են ադրբեջանցիների վրանների մոտ՝ կապված վիճակում, ինչից հետո տեղյակ են պահել սահմանապահներին, վերջիններս էլ ռուս խաղաղապահներին։
«Երբ ռուսները դիմել են ադրբեջանցիներին, գյուղացիները տեսել են, որ կովերը այլևս այնտեղ չեն։ Ադրբեջանցիները ռուսներին ասել են, որ իրենց մոտ կովեր չկան, թող ապացուցեն, որ այդպես է, տեսանյութ կամ լուսանկար հրապարակեն։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ տեսանյութի կամ նկարահանման մասին է խոսքը։ Եթե այդ պահին տեսնեին, բնականաբար չէին թողնի, որ անցնեն, ոչ թե կնկարահանեին։ Դեպքի առիթով դիմել ենք համապատասխան մարմիններին, հիմա ընթացակարգի մեջ է։ Գյուղացին կովը վարկով է գնել, հիմա չի կարողանում վճարել տոկոսները, խնդրել եմ սառեցնեն տոկոսները մինչև հարցը լուծվի։ Հակառակ դեպքում, հավանաբար, կվաճառի նաև մյուս անասուններին»։
Համայնքապետը նշում է, որ նման դեպք գրանցվել է նաև փետրվարին։ «Ես չեմ կարող երաշխավորել, որ վաղը նման դեպք չի կրկնվի, շատ մոտ ենք իրենց, անվտանգության խնդիր կա։ Եթե էսպես շարունակվի, գյուղում մարդ չի մնալու։ Գյուղի բնակիչները չեն պահանջում ո՛չ գումար, ո՛չ ապրելու միջոց, պահանջում են միայն անվտանգություն, դա է թիվ մեկ խնդիրը։ Հարևանի տուն գիշերը վախենում ես գնալ։ Ես ամեն օր գնում, գալիս եմ Ճակատեն, ու ամեն օր ադրբեջանցիները 4-5 մ հեռավորության վրա ինձ ձեռքով են անում, դա նորմալ չէ»։
Ադրբեջանական կողմը, երբեմն, դիմում է սադրանքների։ Մասնավորապես կիրակի օրը ճանապարհին, որտեղ 4-5 մ հեռավորության վրա ադրբեջանցիներն են, մեքենայով անցնելիս՝ ադրբեջանցիները շատ վատ են իրենց պահել, սկսել են շվացնել, գոռգոռալ, մեքենայի մեջ կանայք և երեխաներ են եղել, շատ են վախեցել։ Դրա մասին զեկուցել եմ սահմանապահ զորքերին, իրենք էլ ռուս խաղաղապահներին»։
Հարությունյանի խոսքով՝ ադրբեջանական ամենամոտ դիրքը գյուղից 650-700 մ է հեռու։ «Դեկտեմբերից սկսեցին արագ կերպով ինժեներական աշխատանքներ կատարել իրենց դիրքերում, հարթեցման տեխնիկա է աշխատել, ինչից հասկացանք, որ ճանապարհ են կառուցում, մեկ ամսվա մեջ ամեն ինչ կազմակերպել են, իսկ մեր ճանապարհը վերանորոգելու համար արդեն 3 ամիս է՝ դիմել են բոլոր պատական մարմիններին, որ վերանորոգեն, դեռ պատասխան կա։ Աստված հեռու, որ պատերազմ, սկսվի այդ ճանապարհը մեզ շատ է պետք գալու։ Սպասում ենք, բայց հնարավոր է գա մի օր, որ էլ չկարողանանք սպասել»։