Տոկիո-2020. Մեր ծանրամարտիկներն այսօրվանից սկսած նախապատրաստվում են Փարիզի Օլիմպիական խաղերին. Վիգեն Խաչատրյան
СпортՀայաստանի ծանրամարտի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ Սիմոն Մարտիրոսյանը հենց առաջիկայից սկսելու է նախապատրաստվել հաջորդ Օլիմպիական խաղերին:
«Մենք 2 կգ առավելություն ունեինք պոկում վարժությունում: Եվ ամեն ինչ այս կյանքում հենց այնպես չի լինում: Ամեն ինչ իր հետքը թողնում է: Ապրի´ Սիմոնը: Մենք գոհ ենք: Փառք Աստծո, որ ամեն ինչ այս կերպ վերջացավ: Այսօր մեր բաժինն այս էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը:
Նա առանձնացրեց, որ եթե այս խաղերը լինեին մեկ տարի առաջ, ապա Սիմոնն այլ արդյունք կգրանցեր:
«Մենք այսօրվանից սկսած նախապատրաստվում ենք Փարիզի Օլիմպիական խաղերին»,- շեշտեց նա:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ծանրամարտի 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցմանը բարձրացրեց 190 կգ, այնուհետ` 195, որը Օլիմպիական խաղերի համար ռեկորդային քաշ է, և երրորդ մոտեցմանը պատվիրեց 198 կգ, սակայն չբարձրացրեց այն: Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց 228 կգ-ից և կարողացավ այն պահել գլխավերևում: Հետո չբարձրացրեց 238 կգ կշռող ծանրաձողը. վերջին մոտեցման ժամանակ ևս Սիմոն Մարտիրոսյանը չկարողացավ բարձրացնել նույն քաշը: Երկամարտի 423 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը կրկին երկրորդն է ՕԽ-ում: Ոսկե մեդալը նվաճեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևը: