Կողմնակալ մրցավարությամբ մեզ զրկեցին մեդալից ու մեդալի գույնը փոխեցին. Գևորգ Ալեքսանյան
СпортՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը դժգոհ է Օլիմպիական խաղերում հայ մարզիկների գոտեմարտերը դատած մրցավարների աշխատանքից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում գտնվող հայ լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանը մասնավորապես շեշտել է.
«Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի անդամներից մի քանիսին` երեքին, կողմնակալ մրցավարությամբ զրկեցին թե մեդալից, թե փոխեցին մեդալի գույնը: Թիմից երեք մարզիկ պատրաստ էր մեդալ նվաճելուն: Մեր թիմը քարուքանդ արեցին: Չեմ կարող ասել, թե սա իմ մտածածն է: Բայց այդ մասին կխոսեմ հետո: Ես շատ եմ վրդովված»:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի հաղթողների պարգևատրման ժամանակ Արթուր Ալեքսանյանը իր վզին չի կախել օլիմպիական մեդալը, իսկ հետո, ըստ ռուսական ԶԼՄ-ների, լրագրողական «խառը գոտի»-ում ասել է, որ պետք է ռուս լինել հաղթելու համար: