«Ջիվան Գասպարյանը, կարծես, ծիածանի մի գույն լիներ իր յուրահատուկ տեմբրով». դուդուկի վարպետին վերջին հրաժեշտը տվեցին (տեսանյութ)
КультураՋիվան Գասպարյանի հնչեցրած ծիրանափողի մեղեդիները աշխարհին պատմեցին հայ ժողովրդի մասին՝ որտեղից ենք եկել, ինչերի միջով անցել և ուր ենք գնում: Նա դարձել էր ծիրանափողի խոհրդանիշը և նույնիսկ ամենացավոտ թեմայի մասին նվագելիս՝ նրա մեղեդիներում հույս ու լույս կար: Այսպես էր խոսում դուդուկի վարպետի վերջին հրաժեշտին եկած հանդիսատեսը:
Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը հիշում է՝ 13 տարեկանում վարպետը լսել է իր նվագն ու ասել՝ որ առաջ գնա մեծ բեմում. երբեք չի դասավանդել իրեն, բայց ասում է՝ Ջիվան Գասպարյանն իմ ուսուցիչն է, ումից շատ բան եմ սովորել. «Ջիվան Գասրպարյանը, կարծես, ծիածանի մի նոր գույն լիներ իր յուրահատուկ տեմբրով, մեկնաբանությամբ, նա այնքան պարզ մարդ էր, շիտակ, որքան նրա դուդուկն էր՝ շատ հայեցի»,- նշեց Գևորգ Դաբաղյանը:
Դուդուկահար Կամո Սեյրանյանի հիշողությունից չի ջնջվի այն օրը, երբ Ջիվան Գասպարյանի կողքին ելույթ ունեցավ Ծիծեռնակաբերդում Հռոմի սուրբ քահանայապետի ներկայությամբ, երբ ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության 1,5 մլն սրբադասված նահատակների հիշատակը: Ասում է՝ վարպետը մեծ դուռ բացեց և էլ ավելի արժևորեց դուդուկահարների վաստակը:
Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը եկել է Երևան՝ վարպետին կամ ինչպես նա ասաց՝ «дядя» Ջիվանին վերջին հրաժեշտը տալու: «Նա ծիրանափողը գերեզմանից հանեց և հասցրեց այն սրահը, որտեղ Օսկար մրցանակաբաշխությունն է, հասցրեց նաև «Մեծ» թատրոն: Ռուս ժողովրդի անունից ես իմ խորը երախտագիտությունն եմ հայտնում «дядя» Ջիվանին, որ մեզ ցույց տվեց, թե ինչ վիթխարի ուժ ունի հայ մշակույթը և դա արեց ընդամենը օգտագործելով ծիրանենու փայտի փոքր կտոր: Ամեն ինչ անելու եմ, որ ընտանիքս նույնքան լավ ճանաչի հայ մշակույթը ծիրանափողի միջոցով: Մեծ երջանկություն է ինձ վիճակվել ճանաչել Ջիվան Գասպարյանին: Թող հողը թեթև լինի, հավերժ հիշատակ… Ցավը տանեմ…»,- եզրափակեց շոումենը:
Լեգենդին վայել՝ հանդիսատեսը դուդուկի վարպետին ծափողջյուններով հրաժեշտ տվեց: