«Տելեկոմ Արմենիա»-ն միացել է Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային եզրափակիչին
Общество«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հաղթողների համար իր մրցանակներով միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռնարկատիրության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) կողմից կազմակերպվող Ձեռներեցության աշխարհի գավաթի (Entrepreneurial World Cup – EWC) ազգային եզրափակչին:
Ձեռներեցության աշխարհի գավաթին ներկայացված ավելի քան 100 հայտերից ազգային եզրափակիչ են անցել տասներկու թիմեր, որոնք են՝ MedPoint Technologies, SmartClick, Revalcon, Cyber Tech, rBlock, Zoomerang (Zoom Apps), Heltun, Tactun (RAFA Solutions), Robodel, Mr.Fast, Streameal, Denovo Sciences:
Մրցակցող թիմերի համար ներկայացված հիմնական ուղղահայացներն են մեծածավալ տվյալներ (Big Data), արհեստական բանականություն (AI), բջջային հավելվածներ, ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SAAS), ձեռնարկությունների ծրագրային ապահովում, առողջություն և բարեկեցություն:
«Տելեկոմ Արմենիա» գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց․ «Նման մրցույթներին աջակցությունը «Տելեկոմ Արմենիա»-ի համար շատ կարևոր է, քանի որ նրանք խրախուսում են մեր տեղական ստարտափների զարգացումն ու միջազգային շուկա դուրս գալը: Միջազգային մակարդակով գործող ստարտափներ Հայաստանում արդեն կան, դրանք մեծ ներդրում են ունենում երկրի զարգացման մեջ, ու պիտի ավելի շատանան»:
EPIC-ի տնօրեն Մայքլ Քուչաքջեանը նշեց. «Ոլորտում խոշորագույն ընկերությունների մասնակցությունը այսպիսի միջոցառումներին շատ կարևոր է: Մեծ ռեսուրսներով և փորձառու թիմերով ընկերությունների փոխգործակցությունը ստարտափներին ոգեշնչում և ծառայում է որպես հաջողության օրինակ»:
Եզրափակչում թիմերը կմրցեն $100 000-ը գերազանցող մրցանակների համար։ Գլխավոր մրցանակի երկու հաղթողները հնարավորություն կստանան Հայաստանը ներկայացնել 2021թ․-ի Ձեռներեցության աշխարհի գավաթի համաշխարհային փուլին, որից հետո լավագույն 100-յակի մաս կազմելու դեպքում, այս տարվա նոյեմբերին կմասնակցեն եզրափակչին Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում։
Նշենք, որ մրցանակներ հաղթող թիմերին «Տելեկոմ Արմենիա»-ի կողմից տրամադրվելու են էլեկտրական սքութերներ և հոսթինգի ծառայություններ: