Ադրբեջանում դատախազը 7 տարի ազատազրկում է պահանջել հայ ռազմագերիների համար
ПравоԱդրբեջանում շարունակվել է դատական գործը 13 հայ ռազմագերիների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Դատարանի առաջ են կանգնել Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը, Վարազդատ Անուշավանի Մանուկյանը, Դավիթ Ստեփանի Ստեփանյանը, Լևոն Աշոտի Թոսունյանը, Արթուր Էդուարդի Բաղդասարյանը, Սերոբ Սուրենի Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Հրայր Հրաչի Գերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Արտակի Գևորգյանը, Մարտին Մուշեղի Աղրամանյանը:
Դատախազը պահանջել է, որ 214.2.1, 214.2.3 հոդվածները (ահաբեկչություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ, կազմակերպված խմբի կամ հանցավոր միության (հանցավոր կազմակերպություն) կողմից, 279.2 հոդվածը (զինված կազմավորումներ կամ խմբավորումներ ստեղծել Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևով, այդ կազմավորումների կազմում հարձակումը ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կամ անհատների դեմ) հանվեն մեղադրանքներից:
Պետական մեղադրող կողմը մեղադրյալների համար պատիժ է պահանջել 318.2 հոդվածով (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ կազմակերպված խմբի կողմից) և 228.3 հոդվածով (զենքի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահեստավորում, տեղափոխում կամ կազմակերպված խմբի կողմից զենքի, դրա պարագաների, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի տեղափոխում):
Դատախազը մեղադրյալների համար պահանջել է 7 տարվա ազատազրկում, ազատազրկումից հետո` Ադրբեջանից վտարում:
Այնուհետ դատաքննությանը ելույթ են ունեցել մեղադրյալների փաստաբանները: Մեղադրյալները, դատարանում իրենց վերջին խոսքն ասելով, խնդրել են արդարացնել իրենց:
Դատարանը հեռացել է որոշում ընդունելու: