Նիգերիայում առաջնորդների միջև վեճը կարող է խափանել բենինյան բրոնզաձույլ արձանների վերադարձը․ BBC (լուսանկարներ)
КультураՆիգերիայի առաջնորդների միջև վեճը կարող է խափանել աֆրիկյան ամենահայտնի արտեֆակտները՝ Բենինի բրոնզե արձանները («Բենինյան բրոնզներ») վերադարձնելու ծրագրերը, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ դրանք, ըստ գրող Բարնաբի Ֆիլիփսի, գտնվում են արևմտյան մի շարք թանգարաններում։
Հատնի է, որ «Բենինյան բրոնզներ»-ը բրիտանական զորքերի կողմից թալանվել են 1897 թվականին՝ Արևմտյան Աֆրիկայում տեղակայված Բենինի թագավորությունից, որն այժմ գտնվում է Նիգերիայի տարածքում՝ հանդիսանալով դրա Էդո նահանգը։ Արձաններն իրենց գեղեցկությամբ ցնցել են Եվրոպան և համարվում են աֆրիկյան արվեստի ամենամեծ գործերից։
Վերջին տարիներին եվրոպական պետությունները, գաղութային ժամանակաշրջանի իրենց մեղքերը քավելու շրջանակում, խոսում են թալանված արտեֆակտները վերադարձնելու պատրաստակամության մասին։ Ապրիլին Գերմանիայի կառավարությունը հայտնել էր, որ պատրաստ էվերադարձնել բենինյան բրոնզաձույլ արձանները, ինչը Աֆրիկայի հետգաղութային պատմության մեջ արտասովոր բան կլիներ։ Նման հայտարարություններով հանդես են եկել նաև մի շարք բրիտանական թանգարաններ, գրում է աղբյուրը։
Այս հայտարարություններից հետո Բենինի Օբա արքայական տոհմի թագավոր Էուարե 2-րդը, Էդո նահանգի մայրաքաղաք Բենին է հրավիրել «բոլոր բարի նպատակներ ունեցող մարդկանց», որոնք նախատեսել են արձանները ցուցադրել «Բենինի արքայական թանգարանում»։ Սակայն Էդոյի նահանգապետ Գոդվին Օբասեկիի աջակցությունը ստացած խումբը, որն անվանվել է Legacy Restoration Trust հայտնել է արձանները «Արևմտյան աֆրիկյան արվեստի Էդոյի թանգարանում» տեղադրելու որոշման մասին։
«Արձանների ճիշտ և միակ օրինական վայրը կլինի «Բենինի թագավորական թանգարանը»։ Բրոնզե արձանները պետք է վերադառնան այնտեղ, որտեղից տարվել են», - ասել է 1897 թվականին բրիտանական զորքերի կողմից գահընկեց արված արքայի ծոռը՝ հավելելով, որ բենինյան մշակութային ողջ ժառանգության պահապանը նա է։
Հայտնի է, որ Legacy Restoration Trust-ը միլիոնավոր դոլարների համաձայնագրեր է կնքել բրիտանական և գերմանական կառավարությունների հետ։ Երկու կողմերի միջև պայքարը, ենթադրաբար, կապված է արձանների ցուցադրությունից գումար վաստակելու հետ, սակայն Գերմանիայի կառավարության պաշտոնյաներից մեկն ասել է, որ այս նմուշների ցուցադրությունից գումար վաստակելու մասին մտածել չարժե։ «Թանգարանն այն տեղն է որտեղ գումար ես ծախսում», - նշել է գերմանացի պաշտոնյան։
Նիգերիայի կառավարության թանգարանների և հուշարձանների ազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Աբբաս Իսա Թիջանին ասել է, որ «արքայական ընտանիքի և նահանգային ղեկավարության միջև վեճը անձնական խնդիր է և չի կարող խանգարել պետության կողմից արձանները վերադարձնելու ծրագրերի իրականացմանը» և առաջարկել է փոխզիջման գնալ, որի համաձայն արձանները կտեղակայվեն Նիգերիայի տարբեր թանգարաններում, այդ թվում՝ «Բենինի արքայական թանգարանում» և «Արևմտյան աֆրիկյան արվեստի Էդոյի թանգարանում»։ Քննարկվում է նաև «Բենինյան բրոնզներ»-ի համար նոր թանգարան կառուցելու նախագիծը։