Սյունիքի համայնքապետներին փորձում են կալանավորել, սա կապված է Հայաստանին սպասվող ցավոտ լուծումների հետ. Իշխան Սաղաթելյան
ПолитикаՀետընտրական իրավիճակը Հայաստանում հետևյալն է՝ երկրի դատախազը, քննիչը, ոստիկանը, ցավոք, արդեն դատավորը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն է, որը քաղաքական հետապնդումներ են իրականացնում: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, «Հայաստան» դաշինքի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Նա որոշումներ է կայացնում և ուժային կառույցներին, իրավապահ մարմիններին մնում է իրենց երևակայության արդյունքում հորինել կեղծ մեղադրանքներ և հստակ հետապնդումներ իրականացնել, տվյալ դեպքում Սյունիքի համայնքի ղեկավարների նկատմամբ և առհասարակ մեր դաշինքի համախոհների, անդամների նկատմամբ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա նաև նշեց, որ շատ հստակ ձևով Հայաստանում շարունակվում է երկրի դիմադրողականությունը կոտրելու և ջարդելու քաղաքականությունը և բոլոր ուժերն ու անհատները, որոնք մեր ազգային դիմադրողականության պահպանողն են, այդ մարդկանց փորձում են մեկուսացնել:
«Պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում Սյունիքում, ինչու չէ նաև Տավուշում, որտեղ բանակից հեռանում են լավագույն զինվորականները: Պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքի ղեկավարներին փորձում են ձերբակալել և կալանավորել և սա հստակ քաղաքականություն է, իսկ համայնքապետերի ապօրինի ձերբակալումները կապում ենք առաջիկայում ՀՀ-ին սպասվող ցավոտ լուծումների հետ»,- նշեց նա:
Սաղաթելյանի խոսքով, քաղաքական հետապնդումները շարունակվում են, իսկ իրենց թիմը փորձելու է այս ամենի դեմ պայքարել, որպեսզի թույլ չտան կոտրել ազգի դիմադրողականությունը և ապօրինի մեղադրանքներով մեկուսացնել համակիրներին:
«Երկու համայնքի ղեկավարներին, որոնցից մեկին կալանավորել են, իսկ մյուսին պատրաստվում են, նրանք մեր դաշինքի համամասնական ցանկում ընդգրկված են եղել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Մանվել Փարամազյանի և Մխիթար Զաքարյանի կալանավորելու մասին: