Պահպանել սեփական դեմքը․ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստանը» նոր առանցք կարող է դառնալ
ОбществоԽորհրդարանական արտահերթ ընտրություններն ու գրանցած արդյունքները հրաշալի առիթ են քաղաքական ուժերի համար՝ վերլուծելու սեփական սխալները, պարտության պատճառները, դասեր քաղելու պատմությունից։ Ընտրություններին մասնակցող 25 քաղաքական ուժերից միայն երեքին հաջողվեց անցնել խորհրդարան, իսկ մեծ մասը ընդհանրապես հայտնվեց լուսանցքում։ Թեև շատերն այդ լուսանցքից երբեք էլ դուրս չէին եկել։ Պարզ է, որ այդ ուժերից շատերն անհետանալու են քաղաքական ասպարեզից, առնվազն մինչև հաջորդ ընտրություններ։ Եվ հատուկենտ, սեփական կառույցներ ու գաղափարախոսություն ունեցող ուժերը կփորձեն գործունեություն ծավալել արտախորհրդարանական հարթակներում։
Միակ քաղաքական ուժը, որ հրաժարվեց մասնակցել «ընտրություններ» կոչվող այս ֆարսին, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն էր, որի ղեկավար Խաչիկ Ասրյանը հունիսի սկզբին հայտարարություն տարածեց՝ հրաժարվելով մասնակցել ընտրություններին։
«Ընտրությունները չեն կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, քանզի Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ օկուպացված են, իսկ սա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները պարտադիր պետք է չեղարկել»,- նշել էր նա։
Շատերն էին քննադատում այս որոշումը, տարակուսած էին, որ ազգայնական գաղափարներով միակ քաղաքական միավորումը չի ցանկանում մասնակցել ընտրություններին։ Արտահերթ ընտրությունների արդյունքներն ու դրանից հետո երկրում ստեղծված իրավիճակը փաստեցին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության որոշման ճշմարտացիությունը։ Արցախյան երեք պատերազմների ակտիվ մասնակից կուսակցությունն ու նրա առաջնորդը կարող են ընդդիմության նոր առանցքը դառնալ, իրենց շուրջ հավաքել ապաշնորհ և հայրենադավ իշխանություններից դժգոհ մեր քաղաքացիներին, պայքարի նոր շրջափուլ սկսել՝ Հայաստանը օտարածին ուժերի տիրապետությունից ազատագրելու համար։ Եվ եթե նախկինում պատերազմը արտաքին թշնամու դեմ էր, ապա այսօր արդեն հարկ է ընդգծել, մեր երկրի ներսում է բույն դրել թշնամին, ինչի մասին բազմիցս զգուշացնում էր Խաչիկ Ասրյանը։
Արմեն Դանիելյան