20 նոր աուդիոգիդ Վանաձորի կերպարվեստի թանգարանին
Общество«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Վանաձորի կերպարվեստի թանգարանը համալրվել է 20 նոր աուդիոգիդով։ Մինչ այս, զբոսաշրջիկների մեծ հոսքի դեպքում անհրաժեշտ էր նախապես հերթագրվել, քանի որ թանգարանն ուներ միայն մեկ օտարալեզու էքսկուրսավար:
Այժմ նախապես հերթագրվելու կարիք չկա. թանգարանի ցուցանմուշների վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան նախապես մշակվել, թարգմանվել և ձայնագրվել է աուդիոգիդերում՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով։
«Աուդիոգիդի կիրառությունը թանգարաններում բավականին տարածված է և դա հնարավորություն է տալիս, որպեսզի այցելուներն ինքնուրույն շրջայց կատարեն թանգարանում, ինչը շատ հագեցած և գրավիչ է դարձնում շրջայցը։ Թանգարանների այցելուները շատ են և հաճախ գիդերի քանակը չի բավարարում տրամադրել այս կամ այն նկարի ինֆորմացիան: Այս դեպքում օգնության են գալիս աուդիոգիդերը։ Ուրախալի է, որ աուդիոգիդերը մարզերում ևս կիրառելի են դառնում»,- նշում է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:
«Լավ հնարավորություն է, քանի որ օտարալեզու էքսկուրսիաների համար պետք է նախօրոք հերթագրվեին, պայմանավորվեին, որ կարողանայինք ապահովել: Հիմա այդ խնդիրն այս ծրագրով չենք ունենա նաև անհատ զբոսաշրջիկների համար։ Ու ամենակարևորը՝ մեր այցելուն աուդիոգիդի հետ ինքն է թանգարանում որոշում իր երթուղին, թե որ աշխատանքից ու հեղինակից մեկնարկի»,-նշում է Վանաձորի կերպարվեստի թանգարանի փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Բաղրամյանը:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:
Մանրամասն՝ տեսանյութում: