Ռուս փորձագետը պարզաբանեց, թե ինչպես պետք է Հայաստանը ամրապնդի իր դիրքերը Ղարաբաղի շուրջ բանակցություններում
ПолитикаԵրբ երկու ամիս առաջ հանդիպեցի Հայաստանի պաշտպանության նախարարի հետ եւ ելույթ ունեցա համաժողովում, ասացի, որ անհրաժեշտ է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ նոր ռազմաքաղաքական դաշինք կնքել: Այն պետք է վերանայվի, քանի որ բավականաչափ հստակ չէ: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը:
Այս ոլորտում համագործակցության անորոշությունը, նրա կարծիքով, դարձավ այն պատճառներից մեկը, որ պատերազմի ժամանակ հայկական բանակը, պարզվեց, անարդյունավետ է:
«Ուստի անհրաժեշտ է կոնկրետ պայմանագիր, որում, բացի պայմանագիրը կատարելու Հայաստանի եւ Ռուսաստանի պատասխանատվությունից, պետք է հաշվի առնվեն նաեւ Արցախի շահերը։ Առայժմ ամեն ինչ այնպես է, որ Արցախը, հասկանալի պատճառներով, չի մասնակցում բանակցություններին»,- ընդգծեց փորձագետը:
Լեպեխինը պարզաբանեց, որ բանակցություններում ուժերի հավասարակշռությունը փոխելու համար անհրաժեշտ է, որ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը երկու ճշգրտում կատարի իր կուրսի մեջ: Առաջինը`հասկանալ Ռուսաստանի հետ ավելի սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը եւ համատեղ ռազմաքաղաքական ռազմավարություն մշակել: Երկրորդը՝ հասարակության համախմբման կուրս վերցնել, ընդառաջ գնալ երկրի ընդդիմությանը եւ ներգրավել նրան օրակարգի հաստատման ծրագրում։
«Ամենակարեւորը Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության գծի մշակումն է, այսինքն՝ երբ բոլորին հասկանալի է դառնում, թե ինչ է պետք անել: Այս պարագայում Հայաստանի դերը ինչպես բանակցություններում, այնպես էլ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իմաստով կտրուկ կբարձրանա:
Իմ առաջարկից երկու ամիս անց Էրդողանը (կարծես ինձ լսելով) Ալիեւի հետ ստորագրեց Շուշիի հռչակագիրը: Սա իրականում ռազմական համաձայնագիր է, որի հիման վրա Թուրքիան ուժեղացնում է իր ազդեցությունն Ադրբեջանում եւ այնտեղ ռազմաբազա հիմնում: Հայերը վաղուց պետք է նման քայլերի դիմեին, բայց, ցավոք, իշխանությունը դա չի անում: Ստացվում է, որ ռուս խաղաղապահները, միջազգային մանդատի շրջանակներում, իրենք իրենց կանգնած են: Սակայն շատ կարեւոր է շահերի համաձայնեցումը»,- ասաց նա:
Եթե խոսքն այն մասին է, որ Հայաստանը պետք է շատ ուժեղ խաղացող լինի տարածաշրջանում, ապա նա չպետք է կախված լինի հակառակ կողմից այն իմաստով, որ նա պայմաններ է դնում, իսկ Երեւանը մտածում է ինչպես արձագանքել դրանց: Հայաստանը նույնպես պետք է պայմաններ դնի: Սակայն իրականում նրա կշիռը կաճի այն դեպքում, եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշինքի պես, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական դաշինքը նույն կերպ կվերանայվի։
«Պետք է դրան ձգտել: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանում կան Թուրքիայի եւ Ադրբեջանի լոբբիստներ, եւ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, բայց այստեղ Հայաստանը պետք է հստակ դիրքորոշումներ ունենա»,- եզրափակեց քաղաքագետը:
Ավելին...