«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը կադրային ջարդ չի՞ անի. Բոլորը շունչները պահած սպասում են
Политика«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալման արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին, սակայն թե ինչ ձեւաչափով եւ որտեղ, դեռեւս որոշված չէ։ Իսկ մինչ այդ կառավարությունում շունչները պահած սպասում են, թե ով կմնա, ով կգնա։
Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Բակո Սահակյանի հետ ճանապարհ անցած Հարությունյանը հակված չէ կադրային ջարդ իրականացնել։ Եթե նրան չուղղորդեն պաշտոնական Երեւանից, ապա գործող կառավարության կազմի կորիզը հաստատ կպահպանվի։
Այնուամենայնիվ, այս պահին հաստատ է, որ պաշտոնը կպահպանի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քանզի այդ պաշտոնում նշանակվում են ՀՀ իշխանությունների ընտրությամբ։ Ամենայն հավանականությամբ, կվերանշանակվի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, որն Արայիկ Հարությունյանի գլխավորած կառավարությունում ժամանակին ֆինանսների նախարար է աշխատել։
Նորընտիր նախագահը հակված է պահել նաեւ ուժայինների ղեկավարներին։ Սակայն փոփոխություններից խուսափել հնարավոր չի լինելու, քանի որ Հարությունյանը քաղաքական կոնսուլտացիաներ է վարում քաղաքական ուժերի հետ եւ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու նպատակներ ունի։ Երեկ Սամվել Բաբայանի գրասենյակը լուր տարածեց, որ «քաղաքական կոնսուլտացիաներ» են սկսվել Արայիկ Հարությունյանի եւ Բաբայանի միջեւ»: