Մադրիդում Ռաֆայելի գոբելենների ցուցահանդեսն աղավնիների պատճառով վտանգի տակ է հայտնվել (լուսանկարներ)
КультураՄադրիդի Թագավորական պալատի մեծ պատկերասրահում ցուցադրված իտալացի նկարիչ Ռաֆայելի գոբելենները աղավնիների պատճառով վտանգի տակ են հայտնվել, գրում է The Guardian-ը:
Անցյալ տարեվերջին հասարակությանը ներկայացվել է 9 գորգ, որոնց վրա պատկերված են «Գործք Առաքելոց» գրքից տեսարաններ: Ցուցահանդեսի ներկայացումը համընկել է Բարձր Վերածննդի դարաշրջանի մեծագույն նկարիչներից մեկի մահվան 500-ամյակի հետ:
Վերջին շաբաթներին թռչունների հետ կապված խնդիրներ են առաջացել, երբ թանգարանի աշխատակիցները սկսել են պատուհանները բացել պատկերասրահն օդափոխելու համար: Աղավնիները սկսել են դրանց միջոցով ներս մտնել և շրջել ցուցասրահով:
Նշվում է, որ իրարանցման մասին առաջինն է զեկուցել իսպանական ABC թերթը՝ հրապարակելով լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են ցուցասրահում գտնվող թռչունները շրջում գոբելենների և հատակի վրայով:
«Այս ամենը սպառնում է արվեստի արժեքավոր գործերի անվտանգությանը»,- նշել է լրատվամիջոցը:
Իր հերթին, Իսպանիայի մշակութային ժառանգության ինստիտուտը, որը պատասխանատու է ցուցահանդեսի համար, հայտարարել է, որ դեռևս ոչ մի գոբելեն չի վնասվել, և սրահում մասնագետները թռչունների բներ չեն հայտնաբերել:
Բացի այդ, որպեսզի աղավնիները չկարողանան շինություն մուտք գործել, սենյակում տեղադրվել է 2 ուլտրաձայնային սարք:
Հիշեցնենք՝ գոբելենները ստեղծվել են 16-րդ դարի կեսերին՝ Ռաֆայելի՝ Սիքստինյան մատուռի համար Հռոմի պապ Լեո X-ի համար պատրաստած բնօրինակի էսքիզներից: Ավելի ուշ կտավների մասին իմացել են եվրոպացի միապետերը, որոնք սկսել են պատվիրել դրանց պատճենները: Պատվիրատուներից մեկն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդն էր: Նրա գնած գորգերն այսօր ներկայացված են Մադրիդում: